Ամուլսարի հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր կան. նման դեպքերում օրենքն արգելում է հանքի շահագործումը

ԱմուլսարՄայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1995-ին այս օրը հռչակեց որպես կենսաբազմազանության օր, 2001-ից այն նշվում է ամեն տարի: Այս տարվա կարգախոսն է «Ջուր և կենսաբազմազանություն»:

Կենսաբազմազանության օրվա առթիվ Էկոլուր մամուլի ակումբում բնապահպաններն անդրադարձան Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին, մասնավորապես ներկայացրեցին Ամուլսարի  ոսկու հանքավայրի տարածքում բնակվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների ցանկը: Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` արգելվում է հանքի շահագործումը վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն  Կարեն Մանվելյանն ասաց, որ մեկ տարի առաջ  բանավեճեր եղան, թե արդյոք Ամուլսարի հանքի տարածքում  կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թե ոչ: Բնության համարշարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը   Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցների հետ  իրականացրել է ուսումնասիրություններ 10 հազար հա  տարածքում: Պարզվել է, որ հանքի բուն տարածքում աճում է ծիրանագույն մատնունի անվամբ բույսը, որը Կարմիր գրքում է գրանցված և կրիտիկական վիճակում է գտնվում:  Հանքի բուն տարածքում նաև գորշ արջեր կան: Արդեն հարակից տարածքներում բացահայտվել է անհետացման վտանգի տակ գտնվող սողունների երկու տեսակ` անդրկովկասյան սահնօձ և հայկական իժ, կաթնասունների չորս  տեսակ` հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, անտառային կատու և գորշ արջ, ինչպես նաև թռչունների 18 տեսակ`  հայկական որոր, սև արագիլ, սև անգղ, գաճաճ արծիվ, դեղնագլուխ խաղտտնիկ, բվեճ, գիշանգղ, քարարծիվ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, տափաստանային հողմավար, փոքր ենթաարծիվ, մարգագետնային մկնաճուռակ, սապսան, ներկարար, մկարմիր բադ, օձակեր արծիվ,  կարմրաթև մագլցող:

Մանվելյանի խոսքով` հանքի շահագործումը մեծ ազդեցություն կունենա այդ տարածքում գտնվող և Կարմիր գրքում գրանցված ծիրանագուն մատնունու վրա: «Ազդեցություն կունենա նաև մոտակայքում գտնվող սողունների պոպուլյացիայի վրա, քանի որ շատ մոտ են Ամուլսարին, գիշատիչ թռչունների որսը կպակասի, և հիմնականը` երբ կա մեծ քանակությամբ մարդ և տեխնիկա, կենդանական աշխարհը հեռանում է այդ վայրերից»,- ասում է նա:

Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Գեոթիմ» ընկերության գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը, սակայն համաիտ չէ Մանվելյանի տվյալների հետ, ասում է, որ իրենց ուսումնասիրություններով ընդերքի առանձին տեղամասերում ծիրանագույն մատնունի չի հայտնաբերվել, չնայած այն առկա է իրենց հանձնված 13 հազար հա տարածքում:

Մանվելյանն ասում է, որ  պետական բյուջե ֆինանսական հոսքերի առումով դիտարկելու դեպքում  Ամուլսարը 10 տարվա կտրվածքով բավականին մեծ հոսքեր կապահովի, բայց եթե 50 տարվա կտրվածքով դիտարկենք, Ջերմուկը նույն գումարները կապահովի, բայց նաև էկոհամակարգը չի տուժի:

Արմեն Ստեփանյանի խոսքով` եթե բնապահպանների հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքի շահագործումը կազդի տուրիզմի վրա, ապա իրենց ուսումնասիրությունները նման բան ցույց չեն տվել. « Ջերմուկը և Ամուլսարը կարող են համատեղ գործել  և երկուսն էլ եկամուտներ կբերեն հանրապետությանը»:

Անդրադառնալով «Ընդերքի մասին» օրենքի 26-րդ հոդվածին, որն արգելում է հանք շահագործել այն վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, Ստեփանյանն ասում է, որ իրենք հանքի շահագործման իրավունքը ձեռք են բերել ավելի վաղ, քան կհրապարակվեր օրենքը:

Նշենք, որ Ամուլսարը գտնվում է Ջերմուկից 13 կմ հեռավորության վրա: «Գեոթիմ» ընկերությունը, որի 95 տոկոսը պատկանում է  բրիտանական Lydian International Limited ընկերությանը,  ցանկանում է տեղում ոսկու հանք շահագործել, ինչին բնապահպանները դեմ են` նշելով, որ այն ոչ միայն հարցականի տակ կդնի Ջերմուկի` որպես առողջարանի գոյությունը, այլ նաև մեծ վնասներ կհասցնի էկոհամակարգին: