«Դրոշակակիր օջախներ». այսուհետև զինծառայող զավակ ունեցող ընտանիքները կառանձնանան դրոշներով

Օգոստոսի 16-ին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի  նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին:

«Դրոշակակիր օջախներ»

Ծրագրի մեկնարկը տրվեց  Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից  կծածանվեն ՀՀ պետական  դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:

«Դրոշակակիր օջախներ».

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը բարձր գնահատեց հայ զինվորի ու հայոց բանակի դերն ու նշանակությունը. «Թե´ հասարակության, թե՛ համապատասխան կառույցների կողմից լրացուցիչ ուշադրությունն անհրաժեշտ խթան կհանդիսանա ժամկետային զինծառայությունից չխուսափելու համար: Կգա մի ժամանակ, երբ զինծառայությունից խուսափած տղաների ընտանիքները ամոթահար իրենք էլ կկախեն ՀՀ պետական դրոշն իրենց պատուհաններից:  Ծրագիրը կնպաստի նաև հասարակության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ հատուկ ուշադրության ձևավորմանը: Իսկ մեր երիտասարդներն ամեն հարցում պատրաստակամ  են օգնելու զինծառայողների ընտանիքներին, մինչ նրանց զավակները ծառայում են հայոց բանակում»:

Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. «Այս միջոցառումը կարևոր է այն առումով, որ մարդիկ, տեսնելով այն բնակարանները, որտեղից ծածանվում են ՀՀ պետական դրոշները, կհասկանան, որ այդ օջախներից զինծառայողներ կան բանակում, և այդ օջախների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի համապատասխան մարմինների ու կառույցների կողմից»:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը ողջունեց զինծառայողների ընտանիքներին և շնորհակալություն հայտնեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է հենց Ավան վարչական շրջանից:

Tags: , , ,