Հանրային խորհրդում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու հարցը

Hanrayin khorhurdՄայիսի 22-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստանում պետական մշակութային քաղաքականություն ստեղծելու մասին հարցը: Նախաձեռնությունը լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանինն է: «Պետք է մեր մշակույթն ըստ արժանվույն ներկայացվի միջազգային ոլորտում, պետք է անել այն, ինչ անում են մեծ պետությունները` մշակույթը տնտեսականացնել, քաղաքականացնել, իսկ քաղաքականությունն ու տնտեսությունը մշակութայնացնել»,-ասաց Հերկելյանը:

Միաժամանակ Հերկելյանը գիտակցում է, որ դա իրականացնելը բարդ է ու երկարատև. «Ֆուտբոլի գնդակի պես մեկ անգամ գոլ չենք կարող խփել, քայլ առ քայլ պետք է գնանք առաջ»:

Մշակույթի փոխնախարարը Արթուր Պողոսյանն իր անհամաձայնությունը հայտնեց քննարկվող հարցի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գոյություն ունի մշակութային քաղաքականություն: Ներկաներից մեկը հարց բարձրացրեց. իսկ միգուցե դա պարզապես մի գրքույկ է, որը կար նաև տարիներ առաջ, սակայն դրա մասին որևէ մարզային պաշտոնյա տեղյակ չէ՞ր: Փոխնախարարը չհամաձայնեց և պնդեց, որ այդ քաղաքականությունն ունի կոնկրետ ուղղվածություն մշակույթի բոլոր ոլորտներում:

Ներկաներից մեկն էլ նկատեց, որ նախ պետք է հասկանալ. իշխանություններին պետք է մշակութային արժեքներ կրող քաղաքացի՞, թե ցածրաճաշակ, կախյալ և հեշտ կառավարելի զանգված: Քննարկումն աստիճանաբար վերածվեց մշակութային խնդիրների վերաբերյալ մտահոգիչ ելույթների: Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի կարծիքով, մշակույթին ուղղված բոլոր ծրագրերը պետք է ամրագրվեն օրենքով, որպեսզի կառավարության փոփոխությունը չազդի դրանց իրականացման վրա:

«Մշակույթի նախարարությունը պետք է ստեղծի այնպիսի օրենքներ, որը հնարավորություն կտա արվեստագետներին ինքնարտահայտվել, իրացվել»,-ասաց Հանրային խորհրդի անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը` նկատելով, որ Հայաստանում, օրինակ, ոչ ոք ինքնուրույն չի կարող երգիչ դառնալ:

Լևոն Իգիթյանն էլ հայտարարեց, որ ազգային գաղափարախոսության բացակայության պայմաններում ընդմենը կարելի է շնորհավորել մշակույթի նախարարությանը, որ կարողանում է այսքանն էլ անել:

Նկարիչ Արմեն Աթայանը հիշեցրեց, որ ժամանակին մշակութային քաղաքականության հարցերով զբաղվող մի խորհուրդ ստեղծվել է, սակայն այն չի գործել:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ բարձրացված հարցի վերաբերյալ այնքան ասելիք կա, որ ինքը դրանք գրավոր կներկայացնի:

Գագիկ Մանասյանը մյուսներին հորդորեց հետևել Աղամյանի օրինակին և բարձրացված հարցի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:

 

 

 

Tags: