Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բակում բացվեց նրա կիսանդրին

հուշարձան2Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բակում այսօր բացվեց մեծն գիտնականի  կիսանդրին և ցայտաղբյուր:

Բակ մտնող  աշակերտներին  դպրոցն այսօր դիմավորում էր «Սիրելի փոքրիկ, քո մայրենին քո պապերի 5000-ամյա հնագույն լեզուն է» գրությամբ:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով`  գրությունը պատահական չէ. հենց Ռաֆայել Իշխանյանն էր, որ դժվարին ժամանակներում բարձրացրեց  հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրը:

«Ռաֆայել Իշխանյանն իբրև մահկանացու չկա այսօր, սակայն այս կրթօջախի և հայ դպրոցի հարակայությամբ  նա մնալու է անմահ: Այսօրվա  հուշակոթողի բացումը,  և նաև հուշաղբյուրը իբրև հավերժության խորհուրդ ջրի առումով,  շատ մեծ իմաստ ունի իր մեջ,- ասաց  Սարգսյանը:-   Այսօր մեր կրթօջախը հպարտորեն կրում է մեծ գիտնականի, բանասերի, լեզվաբանի, հրապարակախոսի, մատենագետի, պատմաբանի անունը:  Նրա թողած բազմաշերտ ժառանգությունն անսպառ աղբյուր է դասագրքին զուգահեռ հայ երեխային, աշակերտին հայ դաստիարակելու ճանապարհին»:

Հուշակոթողի բացման իրավունքը տրվեց Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանին: «Գիտեք, չէի հավատում, բայց երազում էի, որ մի  օր ըստ արժանվույն կգնահատվի Ռաֆայել Իշխանյանը: Եվ այսօր անչափ երջանիկ եմ, որ նա գնահատվեց և այսպիսի հրաշալի դպրոց է կոչվում Ռաֆայել Իշխանյանի անունով»,- բացելով հուշակոթողն` ասաց տիկին Բյուրակնը:

Ցերեկույթին ներկա բանասեր Թամարա Ալեքսանյանը, ով  Ռաֆայել Իշխանյանի ուսանողն է եղել,  ևս ելույթ ունեցավ` նշելով, որ Իշխանյանի շնորհիվ է դարձել ուսուցիչ ու նաև մասնակցում է դասագրքերի ստեղծման գործընթացին. « Մարդու կյանքում լինում է ուսուցիչ, լինում է դասախոս, որը նրան ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Ռաֆայել Իշխանյանը մեզ համար այդպիսի մեկն էր: Ես ինձ համարում եմ շատ երջանիկ, քանի որ եղել եմ Ռաֆայել Իշխանյանի ուսանողը: Այսօրվա ողջ միջոցառումը, և կիսանդրին տպավորիչ է և իրեն արժանի, շատ համեստ, բայց նաև շատ գեղեցիկ»:

Ցերեկույթի ընթացքում դպրոցի սաները ներկաներին հիշեցրեցին Ռաֆայել Իշխանյանի` մատաղ սերնդին ուղղված լեզվի մասին կոչերի,  նրա գործերի ու ավանդի մասին:

Tags: , ,