Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հոդված է ներկայացել Eurasianet.org լրատվական-վերլուծական կայքը: “Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի” անվամբ հոդվածի հեղինակը Օնիկ Գրիգորյանն է:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.
“Թբիլիսիի Հին քաղաք կոչվող թաղամասում երկար ժամանակ կողք կողքի ապրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, քրդեր, վրացիներ: Հին քաղաքի փողոցներից մեկում գտնվում է ադրբեջանական թեյատուն, որը ներկայում տնօրինում են էթնիկ հայերը, իսկ մեկ այլ փողոցում ադրբեջանցիներին պատկանող թեյատունն է, որտեղ այցելուներին սպասարկում է հայ մատուցողուհի:
Բլրի վրա գտնվում է մզկիթ, որտեղ հիմնականում այցելում են էթնիկ ադրբեջանցիներ, իսկ մզկիթից մի քանի քայլ այն կողմ հայկական եկեղեցին է, որտեղ թաղված է 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովան, որը նաև բազմաթիվ ադրբեջաներեն երգեր ու բանաստեղծություններ է գրել:
Իր վերջին ֆիլմն Ադրբեջանում նկարահանած սյուրռեալիստ ռեժիսոր, ազգությամբ հայ Սերգեյ Փարաջանովի հուշարձանը գտնվում է նարգիլեի սրճարանից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ աշխատում են հիմնականում Մերձավոր Արևելքից Վրաստան տեղափոխված էթնիկ հայեր, իսկ այցելուները հիմնականում ադրբեջանցիներ են:
Վրաստանում մեծ թվով էթնիկ հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում, և տարբեր ազգությունների ներկայացուցիչների համագոյակցությունն այստեղ սովորական երևույթ է: Բայց սա չի նշանակում, որ այստեղ արտասովոր իրավիճակներ չեն լինում: Օրինակ` վերջերս Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու մոտակայքում գտնվող մասնավոր բաղնիքի տարածքում մի հայկական դրոշ էր ծածանվում:
Դրոշը բաղնիքի տարածքում ծածանվում էր մինչև մայիսի 9-ը՝ Հեյդար Ալիևին նվիրված Ծաղկի տոնի նախորդ օրը: Մայիսի 10-ին դրոշն անհետացել էր, իսկ հաջորդ օրը կրկին հայտնվել: Ինչ խոսք, անսովոր հարևանություն է: Հեյդար Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2003թթ-ին, և հենց նա էր երկրի նախագահը, երբ Լեռնային Ղարաբաղի համար հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմն ավարտվեց և զինադադար կնքվեց 1994թ.-ին: Այդ վայրում դրոշի հայտնվելու, անհետանալու, կրկին հայտնվելու հստակ պատճառները հայտնի չեն: Բաղնիքի ղեկավարությունից բացատրություն ստանալ չհաջողվեց:
Հայկական դրոշն այդ վայրում ծածանվում էր ԱՄՆ-ի, Իսրայելի, Վրաստանի, ԵՄ-ի դրոշների կողքին՝Հեյդար Ալիևի անվան զբոսայգու անմիջական հարևանությամբ գտնվող համալիրի տարածքում:
Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության վրաստանյան գրասենյակը, որը վերահսկում է Հեյդար Ալիևի անվան զբոսայգին, նույնպես չմեկնաբանեցին, թե ինչով էր պայմանավորված դրոշի անհետացումը:
Վերոհիշյալ լուսանկարի վերաբերյալ արձագանքները “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տարբեր էին: Շատերը սկսեցին պնդել, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սակայն այս պատմությանը քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանն անձամբ է այցելել բաղնիք և տերերին խնդրել է դրոշը հանել: Ասում են, որ ադրբեջանական հեռուստաընկերությունների աշխատակիցները եղել են զբոսայգում և ցանկացել են նկարահանել կիսանդրին և դրա ետնամասում ծածանվող դրոշը, բայց նրանց թույլ չեն տվել:
Որոշ աղբյուրների համաձայն՝ երբ դրոշը կրկին հայտնվել է այդ տարածքում, Ադրբեջանի դեսպանը զայրացել է ու նորից է այցելել բաղնիքի տերերին: Բաղնիքի աշխատակիցը, որը չցանկացավ հայտնել իր անունը, հերքում է, որ իրենց համալիրի տարածքում ծածանվող հայկական դրոշն ինչ-որ խնդրի պատճառ է դարձել: Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը, ապա կողմերը դեռևս կհամոզվեն, որ հակամարտության ներուժը դեռ չի սպառվել”:
Tags: ադրբեջան, Հայաստան
