ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում

unicef_armeniaՀամաձայն 2012 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված “Խոսքը ներառման մասին է” ուսումնասիրությանը, Հայաստանում կան 8,000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 %-ը: Այսուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2.5 % է, առավել հավանական է, որ կլինեն շուրջ 12,000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով, ինչպիսին են օրինակ ընտանիքի չդիմելը կարգավիճակ ստանալու համար կամ հաշմանդամության սահմանման ներկայիս բժշկական ախտորոշման վրա հիմնված չափորոշիչները:

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ օրական 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ընդհանուր աղքատության գիծը մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 97.1ԱՄՆ դոլար), մինչդեռ 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության կամ ավելի քիչ քան 2 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ծայրահեղ աղքատության գիծը մեկ շնչի հաշվով կազմում է 57.2 ԱՄՆ դոլար)` համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության կողմից տպագրված Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը  2012թ. զեկույցի:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները  հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը բոլորովին դպրոց չի հաճախում: Գյուղական վայրերում ապրող և դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների տոկոսն ավելի բարձր է. գյուղերում 4 հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը կամ 23%-ը չի հաճախում դպրոց: Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների  51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների  36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց ընտանիքներից բաժանվելու և հաստատությունում, ինչպես օրինակ մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում տեղավորվելու ռիսկը ավելի բարձր է, քան մյուս երեխաներինը: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:

Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից չորսը կամ 81%-ը որևէ սոցիալական ծառայություն, բացի հաշմանդանդամության թոշակից չի ստանում:

Չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրթության մասին օրենքում համապատասխան  փոփոխությունների ընդունմամբ, որոնք ներկայումս քննարկվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Տավուշի մարզում, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաների:

Tags: ,