Իրանում քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալվում. իրանահայ լրագրող

Ռուբիկ ՄինասյանԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում  իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը խոսեց Իրանի ընտրությունների ու մեր տարածաշրջանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:

Ռուբիկ Մինասյանը նախ նշեց, որ այս անգամ Իրանի ընտրություններին մասնակցելու համար մոտ 600 դիմում էր ստացվել, սակայն հատուկ խորհրդի որոշմամբ իբրև թեկնածու հաստատվեցին ութը:  Նախկին նախագահ Ռասանջյանիի թեկնածությունը մրժվեց 80-ն անց լինելու պատճառով: Սա մի տեսակ վերացրեց ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը. «Հաստատված բոլոր թեկնածուներն էլ  նույն քաղաքական գծից են, ինչը նշանակում է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի, Իրանում քաղաքական կուրսի փոփոխություն չի ակնկալվում: Փոփոխություն արտաքին քաղաքականությունում ևս առաջիկայում չի լինի:  Բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը նման են, տարբերվում են միայն փոքրկ տնտեսական դետալներով: Ինչ վերաբերում է հասարակությանը, մեծ մասը  ճիշտ են համարում քաղաքական ներկայիս որոշումները: Իհարկե կան նաև խավեր, որ սանկցիաների հետևանքով լուրջ սոցիալական խնդիրներ ունեն», – ասաց լրագրողը և առանձնացրեց ապագա նախագահի երկու ամենահավանական համարվող թեկնածուներին` ատոմային հարցերում ներկայիս բանագնացին և ներկայիս արտգործնախարարին:

Խոսելով ընտրությունների թափանցիկության ու «իրանական դեմոկրատիայի մասին»`  բանախոսը նկատեց, որ դեմոկրատիան դրսում ու Իրանում  տարբեր հասկացություններ են. «Վերջին երեք նախագահական ընտրություններին կանայք ներկայացրել են թեկնածություններ, բայց հատուկ խորհուրդը բոլորին էլ մերժել է: Իրանի սահմանադրությունը չի արգելում, որ կինը դառնա նախագահ, բայց այնտեղ ասվում է, որ նախագահ կարող է լինել «ռաջոլը» (առաջնորդ), մինչդեռ  չի ենթադրվում, որ «ռաջոլը» կին է:

 

Tags: ,