Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ նիստին անդրադարձավ սիրիական խնդրին

imagesԱյսօր Երեւանում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստում ներկաներից մեկը հայտարարեց, որ այսօր Եվրոպաական միության ներսում գոյություն չունի մտքերի միասնականություն: Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը վերացրել է զենքի էմբարգոն, սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ  ավելի շատ զենք  է ուղարկելու նախագահ Ասադին, իսկ Թուրքիայի կողմից զենքն արդեն իսկ ուղարկվում է Սիրիայի ապստամբներին. «Կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչպես կարելի է խաղաղ կարգավորման հասնել Սիրիայի պարագայում»,-հարցրեց նա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նալբանդյանը նախ հիշեցրեց, որ նախարարների կոմիտեն քանիցս քննարկել է Սիրիայում ծավալվող ողբերգական իրավիճակը, և 2012-ի մայիսի 9-ին նախարարների տեղակալներն ընդունել են հռչակագիր՝ դատապարտելով մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումը Սիրիայում:

Սակայն նա բարձրացված հարցին պատասխանեց` որպես ՀՀ Արտաքին գործերի նախարար և մարդ, որն ավելի քան քսան տարի աշխատել է մերձավոր Արևելքում: Նալբանդյանն ասաց, որ ողջունելի է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Լավրովի փոխհամաձայնությունը Սիրիայի հարցով Ժնևում ևս մեկ խորհրդաժողով կազմակերպելու վերաբերյալ` միաժամանակ շեշտելով, որ խորհրդաժողովը պետք է լավ կազմակերպվի, և  հաշվի առնվեն ժնևյան առաջին խորհրդաժողովի ձախողման պատճառները: Նալբանդյանը, որպես ձախողման օրինակ, նշեց, որ խորհրդաժողովին չէին հրավիրվել Իրանն ու Սաուդյան Արաբիան, մինչդեռ վերջիններս մեծ ազդեցություն ունեն այս հարցում. «Շատ կարևոր է, որպեսզի խորհրդաժողովին հրավիրվեն նաև Սիրիայի հասարակության բոլոր ներկայացուցիչները` այդ թվում և ընդդիմադիր խմբակցություններն ու խմբավորումները և իշխանությունները` առանց նախապայմանների, և խորհրդաժողովի հիմնական նպատակը դառնա լուծումներ գտնելը, որովհետև իրավիճակն օրեցօր բարդանում է»,-ասաց նա:

Նալբանդյանը Սիրիայի հարցի կարգավորումը կարևորեց նաև  այս պահին այնտեղ բնակվող 40-50 հազար հայերի անվտանգության տեսանկյունից` նշելով, որ Հալեպում գործող հայկական հյուպատոսարանն այսօր միակ գործող հյուպատոսարանն է, իսկ մյուսները փակվել են. «Չնայած բոլոր դժվարություններին` մենք պահպանում ենք դիվանագետների ներկայությունը Հալեպում, քանի որ միայն Հալեպում 40 000 հայ է բնակվում»,-ասաց նա:

Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ 5 տարի առաջ Սիրիայի նախագահը մեծ օժանդակություն էր վայելում իր երկրում և այսօր էլ շարունակում է բավականաչափ օժանդակություն վայելել. «Չի կարելի արհամարհել գործող նախագահին օժանդակող կողմերի, ինչպես նաև ընդդիմադիր կողմերի կարծիքը,-ընդգծեց նա` ընդունելով, որ իրավիճակն իսկապես շատ բարդ է, և դժվար կլինի ասել, որ Ժնևի երկրորդ խորհրդաժողովը կլուծի այդ խնդիրները,-այնուամենայնիվ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի` օժանդակելու ժնևյան երկրորդ խորհրդաժողովին, աջակցի, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեն, և տեղի ունենա հաշտեցում Սիրիայի հասարակության տարբեր խմբավորումների միջև»,-ամփոփեց նա:

 

 

Tags: ,