Բորենիների ժամանակը

կրակոցՀունիսի 1-ի և 2-ի լույս գիշերը Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան հարևանությամբ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 43-ամյա Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 40-ամյա Արտակ Բուդաղյանը և 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանը ՀՀ ՊՆ Գորիսում տեղակայված զորամասի նախկին հրամանատարն է, արժանավոր զինվորական, ով ներկայումս ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, զորամասի հրամանատար: Նա մեկն է այն նվիրյալներից, ով հակառակորդի հետ շփման գծում պաշտպանում է մեր հասարակության խաղաղ գոյակցությունը: Բայց արի ու տես, որ ներքին տականքները հանդգնել են ոտնձգություն կատարել մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Գնդապետ Արտակ Բուդաղյանը այժմ հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:

Այս միջադեպը, ինչ խոսք, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում, առաջացրել է դժգոհության և բողոքի ալիք հատկապես զինվորականության շրջանում: Սա հանցագործություն է ուղղված ոչ միայն անձի, անհատի դեմ, այլ մի ամբողջ համակարգի դեմ, մի համակարգի, որն ապահովում է մեր սահմանների անառիկությունը: Այս հանցագործության բոլոր մեղավորները` անկախ պաշտոնից և դիրքից, պետք է արժանի պատժի ենթարկվեն, հակառակ դեպքում` հասարակական ընդվզումը կհասնի աննախադեպ չափսերի:

Դատելով վերջին տարիներին նմանաբնույթ դեպքերի քանակից` պետք է ցավով արձանագրել, որ դրանք համատարած բնույթ կրելու միտումներ ունեն, իսկ անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում: Միայն վերջին երկու տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիական անձիք ոտնձգություն են իրականացրել ազատամարտիկների և զինծառայողների հանդեպ: Անգամ եղել են դեպքեր, երբ բորենիները հանդգնել են հարձակվել  զորամասերի վրա:

Դեռ 2006 թվականին դանակահարվեց Պռոշյան ավանի բնակիչ, զինված ուժերից նոր զորացրված գնդապետ Աշոտ Միքայելյանը: Այս սպանությունը կատարվեց անձնական հարաբերություններից ծագած վրեժի հողի վրա, սակայն հանցագործները այդպես էլ համանապատասխան խիստ պատիժ չստացան: Բոլորին քաջ հայտնի է Վահե Ավետյանի սպանության ողբերգական դեպքը: Հիմա էլ բորենիները հանդգնել են ձեռք բարձրացնել մեր սահմանների պաշտպանությանը լծված սպայի վրա, սակայն այլևս պետք է կանխել այս մտահոգող միտումի խորացումը:

Հայկական բանակը մեր երկրի անվտանգության ապահովման, մեր սահմանների պաշտպանության երաշխավորն է: Եվ հենց հայ զինվորի ու սպայի ամենօրյա ծառայության շնորհիվ մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան: Սակայն արի ու տես, որ զինված ուժերը անպաշտպան են ներքին տականքներից, բորենիներից: Հարկավոր է մաքրազերծվել ու խիստ դատապարտել նմանաբնույթ երևույթները, իսկ մեղավորներն անխտիր պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Այլապես կգտնվեն արդարադատության իրականացման ոչ պետական ձևեր ու մեթոդներ:

Գագիկ Ղազարյան