«Ես ուղղակի շատ վատ բան եմ գուշակում…». Մկրտիչ Մինասյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին

հրապարակՄայիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց, որի հանձնաժողովը գլխավորելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք «ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին՝ մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ»:

Իրողություններից մեկը, ըստ հաղորդագրության, այն է, որ հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի՝ իր բոլոր բացասական ազդեցություններով,  բացի այդ, «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները» և այլն:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հայտարարված մրցույթի տեքստի վերաբերյալ՝ ասելով, որ այդ մրցույթի մասին քննարկումներ երկու-երեք անգամ եղել են, բայց որոշվել էր ևս մեկ վերջնական քննարկում անցկացնել և հետո հայտարարություն տարածել. «Ես ստիպված եմ սրա մասին բարձրաձայնել, քանի որ նախ` չի պահպանվել կոլեգիալ մեր որոշումը, որ մենք մինչ մրցույթը հայտարարելը նորից պետք է քննարկեինք, բացի այդ, տեքստը պետք է գնար ոչ թե ճարտարապետական հանձնաժողովի կողմից, այլ քաղաքապետարանի քաղաքաշինական մեծ խորհրդի, որի նախագահը քաղաքապետն է: Քաղաքապետարանի մեծ խորհուրդը, որում ներգրավված են բազմաթիվ հանձնաժողովներ՝ ինժեներական, գեղագիտական, ճարտարապետական, էկոլոգիական, հասարակական և այլն, չի հավաքվել և չի քննարկել հարցը»,- ասում է նա:

Ճարտարապետին մասնավորապես անհանգստացնում է տեքստի այն հատվածը, որտեղ ասվում է, թե մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում»:

Մկրտիչ Մինասյանը չի հասկանում, թե քաղաքապետարանն ինչ է հասկանում՝ «հրապարակի և նրան հարող տարածքների վերակառուցում» ասելով. «Հարող տարածքներն արդեն իսկ, ինչպես և իրենց տեքստում է նշված, էականորեն աղճատել են համալիրի մասշտաբայնությունն ու դոմինանտության կարևոր պայմանները: Դա էլ հո իրենք են ասում: Ես չեմ հասկանում նաև, թե ինչ է նշանակում «ծավալատարածական հորինվածքների զարգացում»: Ես ուղղակի շատ վատ բան եմ գուշակում, սրանք շատ վտանգավոր նախադասություններ են: Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է և անձեռնմխելի, իսկ մրցույթի տեքստում որևէ տեղ նշված չէ այդ մասին»:

Նա գտնում է, որ մրցույթի տեքստը նորից պետք է քննարկվի, քանի որ անգամ սովորական մարդը կարդալիս անորոշություն ու վտանգ է տեսնում: «Եվ քանի որ վատ նախադեպերը շատ են, չնայած նախորդող բոլոր հավաստիացումներին, ապա անհանգստանալու կարիք իրոք կա»:

Մեկնաբանելով Նարեկ Սարգսյանի հարցազրույցներից մեկը, որում նա նշել էր, որ ընդհանուր առմամբ քաղաքը դրական զարգացում է ապրում, Ճարտարապետների միության նախագահն ասում է. «Իհարկե լավ է, որ երկիրն առաջ է գնում, նոր շենքեր են կառուցվում, բայց մեր վիճաբանությունը քաղաքի կենտրոնի շուրջն է: Այն շատ նուրբ է և արժեքավոր, դա թամանյանական արժեքն է, որը պետք է պահպանել մինչև վերջ: Քաղաքի կենտրոնից մի փոքր դուրս թող անեին իրենց բոլոր նորարարությունները»:

Մինասյանը չի ընդունում, որ Նարեկ Սարգսյանն իր գործունեության վերաբերյալ քննադատությունները անձնական դաշտ է տեղափոխում. «Ես որևէ մեկի հետ կիսելու բան չունեմ, դա անգամ ծիծաղելի է: Իսկ եթե նա իրեն քննադատողներին մեղադրում է, որ գործ չեն անում, միայն խոսում են, թող դեռ ինքը կարողանա աշխատել այնքան, որքան մենք ենք աշխատել: Այո, հիմա հնարավոր է, որ նա մեր չափ ժամանակ չունենա, քանի որ այնքան լծակներ ունի, որ իրեն ժամանակը չի հերիքում»:

Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի` Ճարտարապետների միությունից իր դուրս գալու մասին մեկնաբանությանը, թե չի հասկանում այդ կառույցի իմաստը, Մկրտիչ Մինասյանը նախ հիշեցրեց, թե ինչու է Նարեկ Սարգսյանը դուրս եկել միությունից. «Հյուսիսային պողոտայի քննադատություններին չդիմացավ, դուրս եկավ: Բայց եթե քննադատության համար բոլորը դուրս գային, հիմա ճարտարապետների միությունում ճարտարապետ չէր մնա: Միշտ էլ ստեղծագործական առումով քննարկումներ, վեճեր եղել են: Մեր մեծերն էլ են այս դահլիճում շատ վիճել, անգամ գոռգոռացել են իրար վրա: Հետո՞ ինչ»:

Ինչ վերաբերում է միության իմաստին, ապա նա նշում է, որ իրենք կանոնադրության մեջ ամրագրված իրենց բոլոր պարտականություններն իրականացնում են. «Միգուցե նա դրանք չի տեսնում, որովհետև կարծում է, որ մենք սարե՞ր պետք է շուռ տանք,-հարցնում է Մինասյանը,- մեր ամենակարևոր գործը հասարակության հետ աշխատանք տանելն է, հասարակությանը իրազեկելը: Օրինակ` մենք հասարակությանն ասում ենք, որ պետության կողմից աչքաթող արված և արդեն բզկտված Ծածկած շուկան շատ արժեքավոր կառույց է, տե՛ր կանգնեք դրան…»:

 

Tags: