«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրերը

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» 10-րդ կինոփառատոնը կպահպանի ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվի նաև «Վրացական կինո», «Քույր փառատոններ», «Հայեր. Հայացք ներսից և դրսից»  հատուկ ծրագրերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը,  գեղարվեստական տնօրեն  Սուսաննա Հարությունյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Սթելինգի «Աղջիկը եւ մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե  ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը:  Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին՝ որպես պատվավոր հյուրեր, եւ կներկայացնեն իրենց ֆիլմերը:

«Հետահայաց ցուցադրություններ»-ի ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: Նախատեսվում են նաեւ հետահայաց ցուցադրություններ:

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով «Ոսկե ծիրան»-ը, կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ համատեղ, կկազմակերպի հոբելյանական երեկո, որի ընթացքում նախատեսվում է էքսկուրսիա թանգարանում, համերգային ծրագիր՝ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկեւիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակը մեծ կոմպոզիտորն է:

Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով էլ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը, ինչպես նաեւ կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակի առիթով նույնպես նախատեսվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 10-ամյա պատմության ընթացքում կարեւորել է հարաբերությունները միջազգային տարբեր փառատոների հետ: Դրա արդյունքն է այն, որ համաշխարհային կինոհարթակում իրենց ուրույն խոսքն ունեցող Պուսանի եւ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնները «Ոսկե ծիրան»-ն ընդունում են որպես քույր փառատոն` հաշվի առնելով «Ոսկե ծիրան»-ի առաջատար դիրքը տարածաշրջանում: Այս տարի հատուկ ծրագրով ներկայացվելու են Պուսանի եւ Ռոտերդամի փառատոնների պաշտոնական ծրագրերում ընդգրկված եւ մրցանակի արժանացած ֆիլմերը: Ներկա կլինեն նաեւ այդ փառատոների ներկայացուցիչները:

«Վրացական կինո» ծրագրում ընդգրկված են հին եւ նոր ֆիլմեր: Ծրագրի շրջանակում եւ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ստեղծման 40-ամյակը:

«Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիայում կներկայացվեն հայկական արտադրության մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ այլ երկրներում հայերի եւ Հայաստանի մասին նկարահանված ֆիլմեր:

Միքայել Ստամբոլցյանը ասուլիսի ընթացքում նաև հերքեց այն լուրերը, թե որոշ ֆիլմեր կցուցադրվեն Դալմայի այգիներում. «Մեզ զանգահարեցին և ասացին, որ չեն հասցնի լուծել տեխնիկական խնդիրները», – ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրենը: Փոխարենը հնարավոր է կինոմաններին սպասի մեկ այլ անակնկալ` գործի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը. «Մոսկվա կինոթատրոնի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ փառատոնի որոշ ֆիլմեր հնարավոր լինի ցուցադրել կինոթատրոնի ամառային դահլիճում», – տեղեկացրեց Միքայել Ստամբոլցյանը` հույս հայտնելով, որ կազմակերպիչները կտեղավորվեն ժամանակի մեջ:

Tags: