Հրանտ Բագրատյանը` բուրժուաֆինանսական պետության, գյուղատնտեսության հեքիաթային աճի և հանրապետության ամորձիների մասին

arm135305742678ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Դուք մեզ այդպես էլ չեք ասում բանկային համակարգին սպասվող ռիսկերի մասին: Ոչ մի խոսք չեք ասում Արմավիայի, Տոնուսի մասին, Սթարի մասին: Ո՞ւմ հաշվին եք փակելու այդ պարտքերը: Խոսք չեք ասում նաև ներդրումային քաղաքականության մասին: Բանկերը շուրջ 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած: 24 միլիարդի վրա ավելացրեք: Երկրի արտաքին պարտքը յոթուկես միլիարդ է, և այն, որ դա մասնավոր սեկտորինն է, ավելի վատ` ավելի թանկ է: Դա փրկելու համար միևնույնն է` պետության փողերն ենք տալու: Վերլուծությունը չենք տեսնում, ումի՞ց ենք տալու»:

Անցնելով դեպոզիտներին ու ավանդներին` պատգամավորը նշեց, որ դեպոզիտների մեծ մասը հավաքվում է գյուղացուց, հասարակ մարդուց, և բանկերը կենտրոնացնում են հարստությունը. «Փողը վերցնում են աղքատից, տալիս են հարուստին»:

Ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին խոսելիս Բագրատյանը հարցրեց. «Ո՞ւր են բորսաները: Դուք չեք թողնում, որ էս երկրում բորսա լինի, որովհետև բորսայում այն նույն մարդիկ` մեծահարուստները, օլիգարխները, ստիպված կլինեն փողով արտահայտել իրենց վստահությունը տնտեսության համար: Դուք վախենում եք էդ ցուցանիշից»:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի ակտիվներին` պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային ինստիտուտ չկա, ինչը կանխամտածված ձևով ռմբակոծվում և ոչնչանում է բանկային համակարգի և կառավարության գործունեության հետևանքով: «Ինչպես ամեն տեղ` այս ոլորտում էլ մտածող մարդն ընդունված չի, մեզ հետաքրքրում է միայն խոշորը: Պետությունը դարձել է բուրժուաֆինանսական պետություն»:

Խոշորի մասին խոսելիս`Բագրատյանը հիշեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը` «Դիլիջան միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ. «Խոշորը գալիս է, անմիջապես տալիս են: Բա ո~նց…չորս-հինգ հարյուր միլիոն փող ա բերելու: Էդ հլը հարց ա, կբերի, թե չէ: Թող բերի, քավ լիցի: Էդ խոշորի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Քննադատություններին զուգահեռ` Բագրատյանն ուրախ է, որ օրինակ, մակրոտնտեսական ցուցանիշներում Կենտրոնական բանկն ավելի կոնսերվատիվ է: «Ռացիոնալ միտքը ոնց որ թե ավելի սթափ է Կենտրոնական բանկում»,-նկատեց նա:

Բայց…«Էդ աճը չկա, եղբայրներ, գյուղատնտեսության աճը չափազանցված է: Չի կարող լինել 645 000 տոննա կարտոֆիլ, չկա 240 000 տոննա խաղող, չկան էդ այգիները…Էդ բոլորը հեքիաթներ են»:

Եվ վերջում Բագրատյանն ասաց ամենակարևորը. «Մենք ինչո՞ւ քննարկման չենք դնում, թե ինչքան փող պետք է տա Կենտրոնական բանկը բյուջե: ԿԲ շահույթը բյուջեի  լուրջ եկամուտներից մեկը պետք է լինի: Ֆինանսների նախարարությանն էս հարցը չի՞ հուզում»:

Ամփոփելով ելույթը` ՀԱԿ պատգամավորը պատկերավոր ձևով ասաց. «Կենտրոնական բանկը, ֆինանսական համակարգը ամորձիներից բռնել, չեն թողնում հանրապետությունը զարգանա: Սա լրջագույն խնդիր է…:

Tags: