Ամառ, նորաձևություն: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ: Խանութների կողմից առաջարկվող բազմազանությունը, վառ գույներն ու ոճային մեծ ընտրանին ցանկացած կնոջ` անգամ ամենամտազբաղներին, ստիպում է մի հայացք նետել իր զգեստահարանին և մտածել այն թարմացնելու մասին:
Այս ամառ նորաձևության գագաթնակետին են լաքապատ կոշիկներն ու աքսեսուարները: Սև և բեժ գույնի կոշիկներն, իհարկե, անհրաժեշտություն են, բայց այս ամառ գոնե մեկ զույգ կաշվե վառ գույնի բալետկա պետք է ունենալ: Սակայն դա պետք է
զուգակցել լաքապատ պայուսակներով ու կլատչերով, որոնք ամենուր են` թանկարժեք և մատչելի բրենդերի հավաքածուներում:

Բայց քանի որ լաքապատ պայուսակներն առանց այն էլ աչքի ընկնող են, դիզայներներն աշխատել են համեստ գտնվել ձևավորման հարցում, այնպես որ դրանք ավելի շատ դասական են:
2013-ի զգեստներն առանց ավելորդությունների են: Հիմնական շեշտը դրված է կնոջ կառուցվածքի ուրվագիծն ընդգծելու վրա:
50-ականների ռետրո ոճի զգեստներն այս տարի կրկին նորաձև. կիպ գրկող իրան և մինչև ծնկները հասնող փարթամ կիսաշրջազգեստ:
Նորաձև են նաև 80-ականների ասիմետրիկ զգեստները. դրանց մեջ են մտնում նաև փարթամ, ընդգծված և որոշակի դետալներով մեկուսանի զգեստները:
Կաշվե զգեստներն այս տարի նորաձևության գագաթնակետին են. Դիզայներներն առաջարկում են ամբողջությամբ կաշվե զգեստներ կամ կաշվե կորսետով զգեստներ, իսկ ընտրությունը ձերն է:
Նշենք, որ կամաց-կամաց նորաձևությունը լքում են զգեստ-բլուզները: Այնպես որ դրա նց սիրահարներին մնում է սպասել դրանց վերադարձին:
Չնայած որ այս տարի դիզայներները ձգտել են մինիմալիզմի և փորձել են իրենց հագուստներում ներառել դեկորացիայի նվազագույն էլեմենտներ, այնուամենայնիվ որոշ դետալներ շատ ակտուալ են. օրինակ, բասկան:
Բասկան տարվա ամենահիթային դետալներից մեկն է: Նրանց, ովքեր մի փոքր շփոթվեցին, ասենք, որ բասկան իրանի ու կոնքերի հատվածն առանձնացնող վոլանով դեկորն է, որը հանդիպում է զգեստների, կոստյումների և այլ հագուստի վրա: Այս ոճը հիանալի լուծում է հատկապես նրանց համար, որոնց կոնքերն արտահայտված չեն կամ որոնք շատ նիհար են:
Բասկան իր հաղթարշավը սկսել է` իբրև իսպանացի բասկերի ազգային կոստյում: Այդտեղից էլ առաջացել է ոճի անվանումը: Սակայն իրականում բասկան նորաձևություն են բերել ֆրանսիացիները: Վիկտորիա թագուհու դարաշրջանում այդ դետալը դարձավ տղամարդու կոստյումի զարդարանքը, իսկ մի ավելի ուշ` նաև կանանց հագուստի բաղկացուցիչ մասը:
20-րդ դարում հայտնի կուտյուրե Քրիստոբալ Բալենսիագան իր հավաքածուներից մեկի առանցքային դետալներից մեկը դարձրեց հենց բասկան: Դա պատահական չէր. Քրիստոբալը ծնունդով իսպանական փոքրիկ Գեթերիա քաղաքից էր, որը եղել էր Բասկերի երկրի մի մասը: Այդպես նա ցանկացել էր ընդգծել իր արմատները:
1947 թվականին Քրիստիան Դիորն իր լեգենդար Նյու լուք ոճի հավաքածուն ստեղծելիս փարթամ կիսաշրջազգեստի համար ընտրեց ժակետ` բասկայով: Մինչ օրս բասկան Դիորի բոլոր հավաքածուների անբաժանելի մասն է կազմում:
1947-ից հետո մի պահ բասկան անհետացավ պոդիումներից` միայն հազվադեպ երևալով դիզայներների հավաքածուներում: 70-ականներին երկու անգամ բասկայով զգեստներ ցուցադրեց Իվ Սեն Լորանը: Սակայն այն վերադարձավ վերջին ժամանակաշրջանում` բավականին մեծ շուքով:
Սեզոնի ամենակարևոր միտումներից է նաև կաշվի պերֆորացիան: Այն ամենուր է` հագուստին և աքսեսուարներին: Սակայն հիշեք, որ այն չպետք է չարաշահել. կա՛մ ընտրեք պերֆորացված կիսաշրջազգեստ կամ պայուսակ, կամ վերնաշապիկ, բայց ոչ երբեք այդ բոլորը միասին:
Սեզոնի գույները
Սեզոնի հիմնական գույներից է զմրուխտյան` իր բոլոր երանգներով` ամենանուրբ փիրուզից մինչև կանաչ:
Սեզոնի ոչ պակաս ֆավորիտներից է արքայական կապույտն ու դրա երանգները:
Սեզոնի պիկում են նաև կարմիրի երանգները: Կարմիր զգեստները միանգամայն ընդունելի են և՛ աշխատավայրում, և՛ ժամադրության գնալիս, և՛
զբոսանքի դուրս գալիս, և՛ իհարկե երեկոյան հանդիսությունների ժամանակ: Ամեն դեպքում այն ուշադրություն կհրավիրի ձեզ վրա և կստիպի ձեզ լսել:
Բայց եթե կարմիրը ձեզ համար չափազանց վառ գույն է, իսկ սևից արդեն ձանձրացել եք, ապա նորաձևությունն առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ. Մանուշակագույնն իր երանգներով: 
2013-ի ամենանորաձև համադրություններից է սև-սպիտակը: Հատկապես գրավիչ են սև-սպիտակ համադրությամբ զգեստները:
Ամառային նորաձևության առավելություններից են վառվռուն, եթերային և թեթև սարաֆանները, որոնք կնոջն էլ՛ ավելի կանացի ու գրավիչ են դարձնում:
Ձմռան ընթացքում տաբատները հագից չհանած կանայք վերջապես
կարող են կրել իրենց սեռին բնորոշ հագուստ` ընդգծելով իրենց ողջ հմայքը: Նորաձևությունն այս առումով հատկապես գլխապտույտ բազմազանություն է առաջարկում: Իսկ գլխավոր միտումը սարաֆանների չափազանց երկար և չափազանց կարճ լինելն է:
Վայելե՛ք ամառը վառվռուն գույներով և վառ տրամադրությամբ:
Tags: նորաձևություն-2013



