Մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել պիտի սովորենք. Արարատ Սարգսյան

բիենալեԱյսօր ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրող Արման Գրիգորյանը և Հայաստանը բիենալեին ներկայացնող նկարիչ Արարատ Սարգսյանը ներկայացրեցին Հայաստանի մասնակցությանը  վերաբերող ասպեկտներ:

Միացնել ազգայինը, հոգևորը և մոդեռնը: Սա է եղել Արարատ Սարգսյանի գաղափարը, որ նա կյանքի է կոչել «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծում, որն էլ պատվով է ներկայացրել մեր երկիրը Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեին:

Արման Գրիգորյանը իր խոսքում շեշտեց, որ հայաստանյան տաղավարի ընտրության վայրը` Սուրբ Ղազար կղզու տպագրական թանգարանը, պատահական չէր. «Սուրբ Ղազար կղզուց է սկսվել հայկական մոդեռնիզմը: Դա ենք ցանկացել շեշտել տաղավարի տեղակայման վայրի ընտրությամբ», – ասաց Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը և փաստեց, որ այս տարի մեր երկրի մասնակցությունը ֆինանսավորվել է միայն Մշակույթի նախարարության կողմից, և իրենք կարողացել են տեղավորվել շատ փոքրիկ բյուջեի մեջ:

Արարատ Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, որ բյուջեն կարող է շատ լինել, բայց սխալ ծախսվել,  ինչպես եղավ անցյալ անգամ, երբ  բյուջեն 10 անգամ մեծ էր, իսկ արդյունքը` շատ ցածր. «Մենք կարողացանք փոքր գումարով երկու շաբաթ շատ լավ ներկայանալ, ինչպես նաև շատ լավ կատալոգ ունենալ: Հայաստանի տաղավարը հայտնվեց առաջապահ խմբում»: Ըստ նկարչի` նմանատիպ միջոցառումներին մասնակցելու գլխավոր կարևորությունը տեսնելն է քո արվեստը ընդհանուրի մեջ` սովորելու նորը: «Օրինակ, եթե նայեիք ԱՄՆ-ի տաղավարին,  ներսում բովանդակություն չկար, բայց շատ լավ էր ներկայացված:  Մատուցումը աչք էր շոյում և  կարող էր շփոթեցնել: Կթվա, թե դա վատ է, բայց` ոչ: Մենք հենց  դա պետք է սովորենք, որովհետև մեր ունեցածը ճիշտ ցույց տալ, մատուցել  չգիտենք, մինչդեռ դա ևս կարևոր է», – ասաց Արարատ Սարգսյանը: