1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝ մոտենում են,պարզվում է ադրբեջանցիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Այս միջադեպից անցել է ուղիղ 20 տարի:
Մոնթեի ու ազատագրական պայքարում նրա ունեցած ներդրման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին նրա մարտական ընկերներ Աշոտ Ղարիբյանը և Տիգրան Խանումյանը:
«Ռազմական գործողությունների ժամանակ իրեն դրսևորում էր որպես պահանջկոտ հրամանատար, կատակասեր չէր, ընդհանրապես ոգելից խմիչք չէր օգտագործում, լավ մարտիկ էր` անխոցելի», – ասաց Աշոտ Ղարիբյանը:
Տիգրան Խանումյանը հիշեց, որ Մոնթեն գրեթե միշտ մտախոհ էր. «Քիչ էր շփվում, մտքերի մեջ էր մշտապես: Ինչպես մենք հետո հասկացանք, նա մտահոգ էր կանոնավոր բանակ ստեղծելու գործով»: Նրա խոսքով՝ Մոնթե Մելքոնյանը լրջորեն լծվեց բանակաշինության գործին 1992 թվականի կեսերից, աջակցում էր Վազգեն Սարգսյանին:
Մոնթե Մելքոնյանի գործը իրականում անգնահատելի է: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1989 թվականի հունվարի 16-ից լծվեց Արցախյան ազատագրական պայքարին: 1991թ.–ի սկզբին հիմնեց Հայրենասիրական ջոկատը: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
