Ի՞նչ տվեց ծննդօգնության տեղայնացումը մարզերին

Eghishe KhachatryanՀՀ առողջպահության նախարարի 2012թ. նոյեմբերի 28-ի հրամանի համաձայն սկսած 2013-ի մայիսի 1-ից ծննդաբերների և մինչև 7 տարեկան երեխաների ծննդօգնության և բուժօգնության կազմակերպումը կատարվելու է վարչատարածքային սկզբունքով: Այսինքն, քայլն ուղղված է ծննդկանների հոսքը դեպի մայրաքաղաք նվազեցնելուն, որպեսզի մարզի ծննդատներին հատկացված գումարները մնան մարզերում:

Մայիսի 1-ից սկսած, եթե հղի կինը ցանկանում է ծննդաբերել Երևանում, բայց ապրում է մարզում, ապա նրա համար ծննդօգնությունը դառնում է վճարովի, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիի մոտ բարդություններ և ռիսկեր են առաջնում, ու նրան ուղեգրում են Երևան:

Հրամանի կիրառումից մեկ ամիս անց, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել մարզային ծննդատներում, պարզելու համար զրուցեցինք Գյումրիի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խաչատրյանի հետ.

“Տեղայնացումը շատ տեղին էր, բնակիչը պետք է հսկվի իր բնակության վայրում, մնա մասնագետի տեսադաշտում: Բայց մշտապես մեզ մոտ շատ են եկել Լոռու մարզից, Ախալքալակից հղիներ, նույնիսկ վերջերս ծննդկան ունեցանք արտերկրից, որը վճարեց ծառայության համար: Ներկա պահին ծննդկան ունենք նաև Ախալքալակից: Հանրապետության 10 մարզից միայն մենք ունենք 2-րդ կատեգորիայի ծննդատուն, և խիստ անհրաժեշտության` նեղ մասնագիտական միջամտության պահանջի դեպքում ենք ուղեգրում Երևան”:

Արդյո՞ք պոլիկլինիկաներից հղիների ուղեգրումը ըստ հայեցողության չի կատարվում, հարցին Ե.Խաչատրյանը նշեց. “Եթե անգամ ուղեգրում են տվյալ բուժհաստատություն, էլի վերջնական ընտրությունը կատարում է հիվանդը. նա է որոշում որ ծննդատանը ծննդաբերել, որ բժշկի մոտ: Ավելին, մարզի տարբեր բուժհաստատություններից բարդացած դեպքերով` արնահոսությունների, դեռահաս աղջիկ ծննդկաններին մեզ մոտ են ուղեգրում: Այստեղի բուժաշխատակազմն էլ արհեստավարժ է` 30-40 տարվա աշխատանքային փորձով:

Եթե բացեք վիճակագրությունները, ապա կտեսնեք, որ հանրապետության բոլոր 10 մարզերից ամենաքիչը Շիրակի մարզից են հղիներ ուղեգրվել Երևան: Խիստ նվազել է նաև մանկան մահացության դեպքերը”, – վստահեցրեց Գյումրիի ծննդատան տնօրենի ժ/պ Եղիշե Խաչատրյանը:

Tags: