«Կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն». Տիգրան Սարգսյան

arm136981121434«Ինչպիսի՞ն պետք է լինի պետական բյուջեի հաշվետվությունը, որ մենք կարողանանք բավարարել մեր ընհդդիմախոսներին և այն պատգամավորներին, որոնք ունեն հարցադրումներ»,-այսպես սկսեց վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ամփոփիչ ելույթը:

Նա հիշեցրեց, որ ներկայացվել է 2600 էջի վրա շարադրված հաշվետվություն, որից 1300-ը վերաբերում է ոչ ֆինանսական խնդիրներին:

Որպես կարևորագույն ձեռքբերում` վարչապետն ընդգծեց ամեն օր օնլայն ռեժիմով բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը` նշելով, որ Հայաստանն այդ առումով աշխարհի հնգյակի մեջ է: «Սա աշխարհում գոյություն ունեցող թափանցիկության ամենաբարձր մակարդակն է, և դա նշանակում է, որ մենք բացարձակապես ձեզանից բան չունենք թաքցնելու»,-ընդգծեց նա:

Այս ամենն, ըստ վարչապետի, դեմոկրատական հասարակություն կառուցելու ճանապարհին լրջագույն ձեռքբերում է: Վարչապետը քաղաքացիական հասարակության կառուցման կարևորագույն քայլերից է համարում նաև խորհրդարանում ծավալվող երկխոսությունը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կառավարության տնտեսական քաղաքականությունը կառուցված է ճիշտ, ճիշտ են ընտրված թիրախներն ու առաջարկվող մեխանիզմները, ասաց, որ այսօրվա փոփոխվող աշխարհում, ցավոք, կանխատեսելիության մակարդակը բավականին ցածր է. «Օրեցօր գնահատականները փոփոխվում են, իսկ մեր հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն, ինչը նշանակում է, որ փոփոխվելու է այն միջավայրը, որում մենք իրականացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը»:

Ո՞րն է այդ դեպքում ելքը: Ըստ վարչապետի` հիմնական շեշտադրումն այս պահին պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման վրա, առավելագույնս օգտագործել երկրի պոտենցյալը, ի գործխ դնել ներքին խնայողությունները` հաշվի առնելով, որ արտաքին շուկաներից գալու է բացասական ազդեցություն: «Դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է»,-նշեց նա:

Ինչպե՞ս լուծել սոցիալական ոլորտի խնդիրները` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ըստ վարչապետի` տարեցտարի պահանջվում է սոցիալական ոլորտի հատկացումների ավելացում, սակայն այդ հատկացումներն անելու համար նախ և առաջ պետք է ապահովել տնտեսական աճ: «Պետք է պայքարել ոչ թե աղքատության դեմ` որպես սոցիալական լուրջ մարտահրավեր, այլ դրանք ծնող պատճառների դեմ»:

Տիգրան Սարգսյանը կարևորեց նաև աշխատավարձերի ռեֆորմը. «Հուլիսի 1-ից ավելացվելու է նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի մեկից տեղի է ունենալու աշխատավարձերի բարձրացում բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությանը` թե արդյոք այն նպաստել է տնտեսական աճին և ինչպիսին է կառավարության ռազմավարությունը` վարչապետն ասաց. «Սկզբունքային հարցը հետևյալն է. երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար պետք է ապահովել մակրոտնտեսական այնպիսի միջավայր, որ գնաճը լինի կանխատեսելի տնտեսավարող սուբյեկտների համար: Դա կայուն տնտեսական աճ ապահովելու լավագույն նախապայմանն է և աքսեոմատիկ ճշմարտություն»:

Վարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քաղաքական շահարկման և վրա, որի ընթացքում նաև մասնագիտական քննադատությունն են հնչում կառավարության հասցեին, թե. «Թող կառավարությունն իրականացնի ընդլայնողական քաղաքականություն, բայց արտաքին ու ներքին պարտքերը թող չաճեն, իսկ բյուջեի դեֆիցիտը լինի ցածր: Այսինքն, մեզ միևնույն ժամանակ քննադատում են, որ մենք չափից ավելի պարտք ենք վերցնում, բայց մյուս կողմից էլ քննադատում են, որ մենք զսպողական ենք»:

Իրականում, ըստ վարչապետի, կառավարությունն իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:

Tags: ,