Որո՞նք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

դատական նիստՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը: Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.

3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

4) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

5) դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում.

6) ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումից մեկ տարի հետո:

Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն: Դատավորին քրեական, վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը և հակառակը:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tags: ,