«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով».Վրեժ Իսրայելյան

1219Այս գիշեր ինքնասպանություն է գործել ժամանակակից արձակագիր, դրամատուգ Վրեժ Իսրայելյանը: Ինքնասպանության պատճառը եղել է թոքերի խորացված քաղցկեղի հայտնաբերումը:

64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել է Վաղարշյան փողոցում գտնվող գրողի բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ, որտեղ գրված է եղել. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»:

Նամակի կողքին դրված է եղել իր «Վաղ թե ուշ» գիրքը:

Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թ. ապրիլի 2-ին Երևանում: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:

1979-81-թթ գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

2010 թվականին «Տոնապետ» գրքի համար ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր է եղել:

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):

«Անկախ»-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում գրողի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին: