Հունիսի 18-ը Գյումրիի ավագանու հերթական նիստի օրն էր: Օրակարգում ընդգրկված էր 15 հիմնական, 5 լրացուցիչ հարցեր և երկու հայտարարություն: Նիստը նախատեսած էր ժամը 12:00-ին, սակայն ավագանու 21 անդամներից ներկա էր միայն 9-ը, և ըստ ՏԻՄ օրենքի, եթե ներկա են ավագանու հիմնական թվից կեսից պակաս անդամներ, ապա իրավունք կա նիստը հետաձգել 30 րոպեով, որից հետո, անդամների թիվը չավելանալու դեպքում` նիստը չեղյալ է համարվում: Գյումրիի քաղաքաետն այդպես էլ վարվեց, և 30 րոպե հետո ավագանու անդամներն արդեն դահլիճում 11-ն էին ու քվորումն ապահովված էր:
Գյումրիի ավագանու անդամներից 6-ը նախապես, ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ի, տեղյակ էին պահել` զբաղվածության պատճառով նիստին չմասնակցելու մասին:
Նշենք, որ վերջին ութ ամսվա ընթացքում, ինչ ձևավորվել է նոր ավագանին, սա առաջին դեպքն էր: Ավագանու անդամները միշտ մասնակցում են նիստերին, բացակայում են մեկը կամ երկուսը: Իսկ այս նիստն առանձնահատուկ էր նրանով, որ վերջապես Գյումրիի ավագանին ունեցավ նիստերի դահլիճ` վերանորոգված և կահավորված. մինչ այս նիստերը գումարվում էին քաղաքապետի աշխատասենյակում:
“Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, այսպես էլ է լինում” – լրատվամիջոցներին բացատրում էր Սամվել Բալասնայանը և խորհուրդ տալիս` քաղաքական ենթատեքստեր չփնտրել: – “Ոչ մեկն էլ չի բոյկոտում ավագանու նիստը: Դուք կարող եք իրենցից ճշտել”, – շարունակեց քաղաքապետը:
Նիստում քննարկվեցին հողեր օտարելու, աճուրդներ կազմակերպելու, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու, ավագանու նախկին մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին հարցեր:
Գյումրիի ավագանին գրեթե բոլոր հարցերի շուրջ միաձայն կողմ էր քվեարկում: Ավագանու միաձայն որոշմամբ ընդունվեց նաև Գյումրիում բնակվող երկու սիրիահայ ընտանիքների 20,000-ական դրամի չափով ամենամսյա օգնություն ցուցաբերել` 1 տարի: Նրանք բնակվում են վարձակալած բնակարաններում և այս նպաստը հնարավորություն կտա կիսով չափ փոխհատուցել բնակարանի վարձավճարը:
Tags: գյումրի