“Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս քաղաքի բոլոր խաչմերուկներում տեղադրել անհրաժեշտ քանակի լուսացույցեր, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, վերանորոգել և թարմացնել նախկինում տեղադրված նշանները, անընդհատ կատարել փողոցների գծանշումները, իսկ կառավարության կողմից քաղաքապետարանին համապատասխան միջոցներ չեն հատկացվում: Ուստի, նպատակահարմար է այդ աշխատանքների կազմակերպումը փոխանցել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նշված գույքը` փաստացի վիճակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը”, – այսպիսի ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի և բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանը: Խոսքը վերաբերում է Գյումրու համայնքային հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցերը և այլ տեխնիկական միջոցները` փողոցային երթևեկության բոլոր նշանները, ՀՀ-ին նվիրատվությամբ հանձնելու մասին ավագանու համաձայնությունը ստանալուն:
Ըստ ոլորտի պատասխանատուի ամբողջ հանրապետությունում միայն երկու քաղաքում է, որ այս տեխնիկական միջոցները գտնվում են համայնքային հոգածության ներքո`Գյումրի և Վանաձոր քաղաքներում, մնացած բոլոր բնակավայրերում դրանք վաղուց հանձնված են ճանապարհային ոստիականությանը:
“Մենք որոշ չափով քաղաքի տեխնիկական միջոցների վիճակը բարելավել ենք, մասնավորապես, քաղաքում գործող 12 լուսացույցերից 11-ն արդեն փոխարինվել են թվային-ցուցիչային լուսացույցերով, իսկ որտեղ դեռ չեն փոխարկվել, մեկ շաբաթվա ընթացքում կկատարվեն: Սակայն մեր քաղաքին մոտ 30 լուսացույց է հարկավոր, դրանք բավական թանկ հաճույք են: Պիտի ասեմ, որ մինչև հիմա քաղաքի լուսացույցերը փոխվել են քաղաքապետի անձնական միջոցների հաշվին, քաղաքապետարանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվել”, – ասում է Կնյազ Մանասյանը:
Այս տարի քաղաքային բյուջեից ոլորտը սպասարկելու համար հատկացվել է 14,5-15 մլն դրամ, արդեն պատվիրվել են շուրջ 83 նոր նշաններ:
“Ճանապարհային ոստիկանության կողմից նախնական հաշվարկներ են կատարվել և դա ներկայացվել է ֆինանսների նախարարությանը, որ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ճանապարհային երթևեկության միջոցները իդեալական վիճակում լինեն, անհրաժեշտ է 480-ական մլն դրամ գումար: Ես չեմ կարող ասել, այդ չափի գումարը կհաստատվի, թե ոչ, բայց մեր այսօրվա ունեցած միջոցներից որ շատ կլինի”, – ավագանու անդամներին զեկուցեց բնակկոմունալ բաժնի պետը:
Խնդրին անդրադառնալով քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ես առաջարկեցի այդ 480 մլն-ի 50 տոկոսը մեզ տան, և մենք կատարենք աշխատանքները, բայց չհամաձայնեցին: Բայց ավելի լավ է մենք կարողանանք վերահսկողություն կատարել: Եթե այդքան գումար է հատկացվում, ապա պիտի որակ ապահովվի. եթե փողոցների գծանշումները կատարելու համար 1 կգ ներկն արժե 700 և 13,000 դրամ, բնականաբար այդ էժանն անորակ է և շուտ է ջնջվում”:
Գյումրու ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը նախագծին դեմ արտահայտվեց, նշելով, թե նախևառաջ, ոչ մի համայնք իրավասություն չունի վերահսկողություն սահամանել կառավարության աշխատանքներին, առավել ևս նրանց պարտավորեցնել լուսացույց նորոգել և այլն. “Այդ պատճառով, առաջարկում եմ ոչ թե կառավարությանը նվիրաբերել համայնքի սեփականությունը, այլ ինչ-որ ժամկետով կառավարության պահպանությանը տրամադրել”:
Սակայն, ավագանու մյուս անդամները կողմ քվեարկեցին և ավագանու որոշմամբ Գյումրի քաղաքի լուսացույցերն ու տեխնիկական միջոցները նվիրաբերվեց ՀՀ կառավարությանը:
