«Քաղաքապետն ուղղակի խաղում է վառոդով լի տակառի հետ». Ստեփան Սաֆարյան

Ստեփան ՍաֆարյանՔիչ առաջ «Բարև Երևան» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում 10 կետով պատմեց այսօր Սունդուկյան 90-ի բակում տեղի ունեցած «քաղաքապետարան-բնակիչներ» խժդժության մասին` շեշտելով, որ այդ դեպքը աննախադեպ է, իսկ քաղաքապետարանը ուղղակի վառոդով լի տակառի հետ է խաղում:
Ահա, թե մասնավորապես ինչ է գրել Ստեփան Սաֆարյանը.

Այսօր կեսօրին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Karlen Aslanyan-ի եւ օպերատորի հետ գնացինք Սունդուկյան 90 շենքի բակ՝ ետնամասում գտնվող չքնաղ պտղատու այգու վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու եւ բնակիչների հետ զրուցելու նպատակով: Ին՜չ իմանայինք ես ու Կառլենը, որ մեր աչքի առաջ կինոն դրվագ առ դրվագ զարգանալու է.

1. Շենք հասնելուն պես նկատեցինք, որ ինչ-որ մարդ թղթերը ձեռքին մտնում է շենք: Ասացին, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչն է: Որոշեցինք սպասել, որ նա դուրս գա եւ զրույցի բռնվենք: Բնակիչներից մեկն էլ ասաց, որ բակի զրուցարանում նստած տարեց մարդն էլ նույն կանտորայից է: Կառլենի, մի քանի բնակիչի հետ մոտեցանք, բարեւեցին, ներկայացանք: Ինքն էլ ներկայացավ՝ Արաբկիր վարչական շրջանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակից, կարծեմ՝ Կարապետյան ազգանունով /չի բացառվում, որ սխալ եմ հիշում/: Խնդրեց չնկարահանել: Կառլենը հարգեց խնդրանքը: Հարցրեցի՝ արդյոք տեղյակ է բակի «բարեկարգման» նախագծից: Պատասխանեց՝ «մոտավորապես»: Երբ բնակիչները եկան եւ լցվեցին զրուցարան, իսկ «Ազատություն» ռադիոկայանն էլ սկսեց ձայնագրել բնակիչների բողոքները, պարոնը ակնհայտ նյարդայնացավ ու «թռավ…»: Մարդիկ գոռում էին՝ «գոնե ջուրը միացրա, ծառերը ջրենք, նոր փախի…»

2. Շարունակեցինք աշխատել: Լրագրողի հետ միասին գնացինք շենքի ետնամաս՝ այգին նկարելու, մարդկանց խոսեցնելու համար: Բնակիչները ծիրան, հատապտուղներ ու կեռաս հյուրասիրեցին ու վերստին հասկացանք, թե ինչ հրաշք է այդ այգին: Կառլենի հետ տեղում պայմանավորվեցինք, որ մի քանի կադրեր էլ վերեւից՝ շենքի բարձր հարկերից նկարելուց հետո միասին կգնանք Արաբկիր «թաղապետարան» եւ նաեւ պաշտոնական տեսակետները կլսենք: Լրագրողները բարձրացան բնակարան, իսկ մենք կանգնած բակում սպասում էինք: Մարդիկ ցույց էին տալիս բակի «բարեկարգ» հատվածը, որտեղ թաղապատերանը միտումնավոր անջատել է ոռոգման ջուրը, իսկ տասնամյա ծառերը հիվանդացած էին ու թրթուրներով խեղդված. «թող գան այս պուրակը խնամեն, թող ջուր տան, մենք խնամենք…» բողոքում էին մարդիկ: Կառլենն ու օպերատորը եկան եւ շարժվեցինք դեպի շենքի անկյունային հատված՝ խնամված այգու այդ հատվածն էլ նկարելու համար: ՈՒ… կինոն սկսվեց..

4. Եկան տղաներ. պարզվեց նրանից մեկը՝ ՀՀԿ-ական կրծքանշանով, թաղապետի տեղակալն է, ում անունով էլ սպառնալից ծանուցագրեր են ուղարկվել բնակիչներին: Բայց նրանք միայնակ չէին եկել. ապամոնտաժող տեխնիկա, լիքը ջիպավորներ, ՀՀԿ-ականներ ու թաղապետարանի աշխատողներ: ՄԻնչ նրանք կուտակվում էին տարածքում, բնակիչներն էլ հետ չմնացին: Սկսվեց բանավեճը: Հարցրեցի՝ «ուր է բարեկարգամն նախագիծը?»: Պատասխանեց՝ «մշակման ընթացքի մեջ է»: «Բա որ նախագիծ չունեք, ի՞նչ եք բարեկարգում եւ ո՞վ է թույլ տվել նման գործելաոճն ու հաղորդակցությունը բնակիչների հետ»,-հանդիմանեցի ես: «Ուզում ենք լավ բան անել ժողովրդի համար, պարոն Սաֆարյան»,-պատասխանեց Միսկարյանը: Առարկեցի եւ նախազգուշացրեցի, որ նրանք նման ձեւով աշխատելու իրավունք չունեն ու կրկին պահանջեցի նախագիծը: «Թաղապետի մոտ կա»,-ասաց նա: «Ի՞նչ կա թաղապետի մոտ, եթե դուք եք ասում, որ նախագիծը մշակվում է, կամ եթե անգամ կա, ինչու՞ է դա պահվում թաղապետի սենյակում, եթե այն ժողովրդի համար է: Հենց հիմա գնում ենք թաղապետարան եւ ցույց եք տալիս նախագիծը»,-առաջարկեցի թաղապետի տեղակալին: «Մենք եկել ենք ապամոնտաժումն սկսելու, քանի որ մայթ չկա»,-ավետեց Միսկարյանը: «Ինչպե՞ս թե մայթ չկա: Հիմա միասին գնում ենք այնտեղ ու ապացուցեք, թե ինչպես չի «տեսնում» բավական լայն մայթը»,-առաջարկեցի ես: Բնակիչների ու Միսկարյանի հետ միասին շարժվեցինք այնտեղ:

5. Կրքերը թեժացան, երբ փորձեցին տեխնիկան մոտեցնել անկյունային ավտոտնակին՝ այն ապամոնտաժելու համար: Բնակիչները կանգենցին ավտոտնակի դեմը ու սպառնացին թույլ չտալ ապամոնտաժումը, այլապես վատ հետեւանքներ կլինեն… Վերջին անգամ հարցրեցի թաղապետի տեղակալին՝ «խնդիրն ավտոտնա՞կն է, թե՞ այգին»: Պատասխանեց՝ «այգին»: Առաջարկեցի ոչինչ չձեռնարկել, քանի որ խնդիրը գտնվում է քաղաքապետարանում, եւ մինչեւ չհասկանանք, թե ինչ է արվում տարածքի հետ եւ ինչպես է արվում, ոչ մի քայլ չենք անում: Միսկարյանը հայտարարեց, թե սկսում են ապամոնտաժումը: Իրավիճակը լարված էր: Հարցրեցի՝ «գիտակցու՞մ է, թե ինչ է լինելու»: Սպառնաց կանչել ոստիկանություն: Ասացի, որ կամքն իրենն է, եւ թող բարի լինի կրել հետեւանքների պատասխանատվությունը: Այդ ընթացքում հավաքված բազմությունը ավելի ալեկոծված ու անկառավարելի էր դառնում՝ ցույց տալով, որ բացարձակ չի զիջելու եւ մարդիկ պատրաստ են անգամ ձեռնամարտի: Լավ էր, օգնության հասավ նաեւ Գագիկ Բաղդասարյանը «Բարեւ Երեւան» խմբակցությունից: Իսկ վատառողջ Դավիթ Սանասարյանն ու Անահիտ Բախշյանը հեռախոսակապով էին հաղորդակցության մեջ:

6. Թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցները առանձնացան մի փոքր ներքեւում: Բնակիչներից մեկը նրանց ցույց տվեց քաղաքապետարան մուտք արված դիմումի ծանուցման կտրոնը, բանալին: Քիչ անց բոլորը նստեցին ավտոմեքենաներն ու շարժվեցին: Նրանցից մեկը հարկ համարեց տեղեկացնել, որ հեռանում են:

7. Որքան էլ նրանք հեռացել էին, մարդիկ չէին ցրվում տարածքից, մտածելով, որ «բարեկարգիչները» նորից կգան: Ժամանեց նաեւ ոստիկանությունը: Տղաները հետաքրքրվեցին, թե ինչ վիճակ է, եւ ասացին, որ հանձնարարություն ունեն թույլ չտալ, որ որեւէ կողմը նեղացնի մյուս կողմին: Տղաներին զգուշացրեցի, որպեզի նախկինի նման կուրորեն թիկունք չապահովեն քաղաքապետարանի ու թաղապետարանի ապօրինի գործողությունների համար, ինչպես Փափազյան փողոցում էր եւ այլն: Հետարքրվեցին գործի մանրամասներով, տեղեկացվեցին, որ թաղապետարանը որեւէ որոշում, նախագիծ, փաստաթուղթ ցույց չի տվել, սակայն սպառնում է քանդել… Ոստիկանները մի կես ժամ կանգնեցին մեր հետ, ապա հայտնեցին, որ գնում են ու խնդրեցին ահազանգի դեպքում տեղեկացնել:

8. Գագիկ Բաղդասարյանին ու ինձ հրաշալի սուրճ հյուրասիրեցին այդ չքնաղ պուրակում: Ահագին կեռաս կերանք, վայելեցինք մաքուր օդը ու պայմանավորվեցինք կապի մեջ լինել ու սթափ մնալ: Ուշացումով այլոք էլ եկան եւ ասացին, որ պինդ կանգնած են…

9. Պարզվեց, այդ շենքում բնակվել են իմ համալսարանական երկու կուրսընկերներ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետից՝ Նելլի Գոմցյանը եւ Կարեն Խառատյանը: Նրանք այժմ Հայաստանում չեն, բայց նրանց ծնողները այնտեղ են ապրում ու պայքարի են դուրս եկել: Պարտքս համարեցի այգու համար պայքարել՝ ինչպես իմ այգին կպաշտպանեի:

10. Քաղաքապետին բարի հորդոր եմ ուղղում՝ ուշադիր նայել Ստամբուլի Գեզի այգու զարգացումներին: Սա իմ կյանքում եզակի բան է, երբ մեծաքանակ թվով մարդիկ են կանգնում իրենց բակի համար: Այդպիսի բան չեմ տեսել ոչ Վիշապի պուրակում, ոչ Երզնկյան-Պուշկինի պուրակում, ոչ անգամ Մաշտոցի պուրակում /Մաշտոցի պուրակում հիմնականում տեղի բնակիչներ չէին/… Անասելի մեծ թվով մարդիկ են ոտքի կանգնած: Սունդուկյան 90-ի բակը իրոք աննախադեպ է եւ դա անկեղծորեն եմ ասում: Քաղաքապետարանը ուղղակի խաղում է վառոդով լի տակառի հետ: Ետ կանգնեք ու համակրեպվեք, որ այդ այգին լինելու է շենքի բնակիչներինը, ովքեր այն տարիներ շարունակ պահպանել են, աղբակույտից վեր են ածել դրախտի, դույլերով ջրել են ու պատրաստ են կրծքով պաշտպանել…

Tags: