Թուրքիայի լրագրողների արհմիությունը Արդարադատության պալատի առջև մամուլի ասուլիս է կազմակերպել: Արհմիության տվյալների համաձայն` Ստամբուլի “Գեզի” այգու շուրջ ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվել է ամենաքիչը 28 լրագրող, խոչընդոտվել է 22 լրագրողի աշխատանքը, ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 14 լրագրող, իսկ 4-ը բերման է ենթարկվել ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում, հաղորդում է “Բիանեթ” կայքը:
Թուրքիայի լրագրողների արհմիության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Գյոքհան Դուրմուշը ասել է, որ այս ամոթալի պատկերի մեղավորը Թուրքիայի քաղաքական իշխանությունն է և նրանից կախված ոստիկանական ուժերը: Միաժամանակ Թուրքիայի լրագրողների արհմիությունը պահանջել է Ստամբուլի նահանգապետի, Ստամբուլի անվտանգության ծառայության պետի և բռնության գործադրման մեջ պատասխանատու այլ պաշտոնյաների հրաժարականը:
Tags: գեզի, թուրքիա