«Երդվում եմ հայ լինել, հայ մնալ, հայ արարել»,- երդվեցին շրջանավարտները ավարտական վկայական ստանալուց առաջ

դպրոց

Երևանյան հիմնական դպրոցներում այսօր շրջանավարտներին են հանձնել ավարտական վկայականները:

«Երդվում եմ դառնալ հայրենիքիս ծառան և զինվորը բոլոր օրերին, երդվում եմ կյանքըս, սերս, երիտասարդությունս, ավյունս  նվիրաբերել իմ հինավուրց հայրենիքի զորացման գործին, երդվում եմ հայ լինել, հայ մնալ, հայ արարել».  ծնողների և ուսուցիչների առջև  այսօր հանդիսավոր կերպով նման երդում տվեցին  Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 շրջանավարտները:  Ապա նրանք  ստացան ավարտական վկայականներ` հրաժեշտ տալով իրենց դպրոցին: Նրանց մի մասն ուսումը կշարունակի ավագ դպրոցում, մի մասն էլ արհեստագործական և նախնական մասնագիտական ուսումնական հասատություններում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը միջոցառումը սկսելուց առաջ նշեց, որ որպես ուսուցիչ-աշակերտ պաշտոնական հանդիպման վերջին օրն է. «Սակայն սա չի նշանակում, որ հետագայում հանդիպումներ չեն լինելու: Ձեր դասղեկները, ուսուցիչները, 153 դպրոցի տնօրինությունը միշտ լինելու է ձեր կողքին որպես խորհրդատու, որպես աջակից: Ուր էլ որ գնաք, սա մնալու է ձեզ համար որպես ամենահարազատ կրթօջախը»:

Ավարտական վկայականների հանձնման արարողությունը սկսելուց առաջ Սարգսյանը աշակերտներին հիշեցրեց, որ պետք է ստորագրեն միայն հայատառ` իրեն մայրենի լեզվով: Իսկ եթե հայատառ ստորագրել չեն կարող, ուրեմն պարզապես իրենց անունը պետք է գրեն:

Շրջանավարտներին ավարտական վկայականը հանձնեց Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազ-Անդրեասյանը: Վերջինս յուրաքանչյուր աշակերտից հետաքրքրվեց, թե ապագայի ինչ ծրագրեր ունի, ինչ մասնագիտություն է ընտրել և հաջողություն մաղթեց բոլորին:

«Հույս ունեմ, որ կաշխատեք ուժեղ ու նպատակասլաց լիենլ, չեք վախենա դժվարություններից, որովհետև կյանքը լի է խոչընդոտներով, եթե վախենանք և կիսատ թողնենք, ոչ մի բանի չենք հասնի: Ուրախ եմ, որ այս դպրոցը  կոչվում է իմ ամուսնու անունով, որովհետև նա միշտ երազել է մի այնպիսի դպրոց, որտեղ գեղեցիկ հայերենով կխոսեն: Ուզում եմ, որ դպրոցը և ձեր ընտանիքները հպարտանան ձեազնով»,- ասաց նա:

Դպրոցին և ուսուցիչներին շնորհակալության խոսք հղեց նաև շրջանավարտներից մեկի ծնողը`  Ամալյա Մնոյանը: Վերջինս պատմեց, որ երկու տարի առաջ տղայի վարքն անչանաչելիորեն փոխվել էր, ագրեսիվ էր դարձել, չէր սովորում և  ցանկանում էր դպրոցից դուրս գալ: Բայց շնորհիվ դասղեկի ճիշտ աշխատանքի, տղան ոչ միայն դպրոցից դուրս չեկավ, այլ նաև դասղեկի` ընկեր Ղուկասյանի հետ կիսվում էր գաղտնիքներով, որոնք անգամ մորը չէր պատմում:

Դպրոցի շրջանավարտներից Մերի Չոբանյանն ապագա բժշկուհի է: Ասում է, որ դպրոցից տանում է լավ հիշողություններ. «Համ ուրախ եմ, որ ավարտեցինք, համ էլ սրտիս խորքում մի բան չի ուզում, որ գնամ այստեղից»:

Աննա-Մարիա Հարությունյանն էլ ապագա ռեժիսոր է: Ասում է, որ դպրոցից տանում է գիտելիքներ և շատ լավ ընկերներ, որոնք իր հետ են լինելու ողջ կյանքի  ընթացքում:

Դպրոցին հրաժեշտ տալուց առաջ շրջանավարտներն իրենց ուսուցիչների հետ լուսանկարվեցին դպրոցի բակում` Ռաֆայել Իշխանյանի հուշաքարի  մոտ: