Սարհատ Պետրոսյանը կբողոքարկի դատավճիռը. «Իգիթյանի հետևում հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանն է»

Լևոն Իգիթյան-Նարեկ ՍարգսյանԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Անկախ նրանից` ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դատարանը գտնում է, որ դրանցում բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

ՍարհատՀայցվոր կողմն իրավունք ունի մեկամսյա ժամկետում վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչն էլ պատրաստվում են անել Սարհատ Պետրոսյանն ու իր փաստաբան Վարուժան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած հայտարարությունները` դրանք որակելով զրպարտություն և վիրավորանք և  դատարանին խնդրելով պարտավորեցնել Լևոն Իգիթյանին ներողություն խնդրել իրենից: Նման վիրավորական արտահայտություն էր դիտվել, օրինակ այն, որ Իգիթյանը նրան անվանել էր «անշնորհք» կամ ասել. «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով, ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»:

Սարհատ Պետրոսյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն օբյեկտիվ չի համարում. «Մեր ներկայացրած բոլոր փաստերը մերժելու համար մի տրամաբանական հիմնավորում կարող է լինել` ճնշում դատարանի վրա կամ  կողմնորոշված մոտեցում: Մենք գիտենք, որ Իգիթյան Լևոնն իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա հետևում կա հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանի աջակցությունը, իսկ Իգիթյանը երևի փաստաբանական ծախսերն էլ չէր կարողանա փակել: Կարծում եմ` այստեղ կա նաև Նարեկ Սարգսյանի Արդարադատության փոխնախարար զարմիկի ազդեցությունը: Չեմ ուզում ասել, որ այս ամենը քաղաքական պատվեր է, որովհետև փաստեր չունեմ, բայց զգում եմ, որ կա ճնշում: Կարող էի հասկանալ, եթե 6 կետերից մեկը մերժվեր, երկուսը մերժվեր, բայց դրանցից որևէ մեկում չտեսնել զրպարտություն և սուտ, ուղղակի զարմանալի է: Պետք է հետամուտ լինել և այնպես անել, որ Նարեկ Սարգսյանը, նրա զարմիկը կամ որևէ մեկը ազդեցություն չունենան դատական գործընթացների վրա»:

Սարհատ Պետրոսյանի փաստաբանի խոսքով` իրենք համաձայն չեն վճռի հետ, քանի որ դատավարության ընթացքում մի շարք հանգամանքներ են ներկայացվել, որոնք պատասխանող կողմն այդպես էլ չի կարողացել ապացուցել. «Օրինակ, վկայակոչվել էր, որ Սարհատ Պետրոսյանը ճարտարապետական պրակտիկա չունի, կամ իբր ԲՈւՀ-ից դուրս մնալուց է եղել և նրան փրկել է Նարեկ Սարգսյանը և այլն: Դատարանն ապացուցող պարտականություն էր դրել պատասխանող կողմի վրա, ինչը չի արվել: Նման պայմաններում, կարծում եմ, դատարանը գոնե մասնակիորեն պետք է բավարարեր հայցը»:

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ պատասխանող կողմը ԲՈւՀ-ից ձեռք էր բերել Սարհատ Պետրոսյանի ստուգարքների գրքույկի պատճեն, ինչը սահմանադրական իրավունքների խախտում է: «Չնայած ստուգարքների գրքույկի պատճեն ներկայացնելով էլ պատասխանող կողմը որևէ բան չապացուցեց, դրանում ընդամենը ներկայացված էին ուսանողի գնահատականներն ու ստացման ամսաթվերը: Փոխարենը մենք ներկայացրել ենք Սարհատ Պետրոսյանի դիպլոմի պատճեն, թեկնածուական վկայականը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ լինելը, իր կատարած աշխատանքների ցանկը, քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու արտոնագիրը, նաև այն, որ  Սարհատ Պետրոսյանը Ամերիկայի քաղաքաշինարարների միության անդամ է և ի դեպ, միակն է Հայաստանից»,-ասաց փաստաբանը:

«Ինչպես գիտեք, Լևոն Իգիթյանն իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” և վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին,-ասում է Սարհատ Պետրոսյանը,-դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը, որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին` սկսած 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում «սառայ», մեկ Ազգային պատկերասրահը` «յաշիկ», մեկ ասում է, որ ինձ դասավանդել է, հետո պարզվում է, որ չի դասավանդել ու այդպես շարունակ»։

Սակայն նա կարծում է, որ ճարտարապետական հանրույթն ու մեր քաղաքացիներից շատերը դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել. «Սակայն քանի որ արդեն բազմաթիվ անգամներ շահարկվում է իմ ուսումնառության տարիներին հորս համալսարան գալու փաստը՝ իբրև թե իմ համար բարեխոսելու, որը դատարանում այդպես էլ չապացուցվեց  և բարդ իրավիճակում դրեց Իգիթյանի շահերը ներկայացնող փաստաբանին, ցանկանում եմ  մեկ նկատառում անել. հայրս իմ ողջ ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ է այցելել համալսարան։ Դա եղել է Նարեկ Սարգսյանի հրավերով՝ այլ ոչ թե հորս խնդրանքով։ Բանն այն է, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետության ֆակուլտետի դեկան եղած ժամանակ էլ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին է հիմա` որպես գլխավոր ճարտարապետ` անպատասխանատու և խնամի-ծանոթ-բարեկամ աշխատելաոճով առաջնորդվող: Այդ մասին այն ժամանակ թերթերից մեկում (եթե չեմ սխալվում Երկիր թերթում) հոդված էի գրել` քննադատելով նրա աշխատելաոճը։ Այն ժամանակ նրա ինքնասիրությունը դեռ չէր «կոփվել» և չուներ խոսնակներ ու հանրային կապերի գծով օգնականներ, և նա այդ փաստի կապակցությամբ շատ էր վիրավորվել։ Հորս կանչել էր ասելու, որ ինձ դատի կտա և այլ հաթաթաներ էր արել։ Հայրս էլ պատասխանել էր, որ Սարհատը ազատ մարդ է և կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում: Ահա ողջ պատմությունը»։

Tags: , ,