Արմեն Աշոտյանի հերթական զոհը…

Արտուշ ՂուկասյանՀունիսի 17-ին ՀՀ ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արտուշ Ղուկասյանը նամակով դիմել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` խնդրելով Հանրային խորհրդում քննարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն տրված խիստ նկատողությունը: Ղուկասյանը նախարարի հրամանը մի շարք պատճառներով անհիմն է համարում` նշելով, որ դա ավելի շատ անձնական բնույթ է կրում: «Նախարարի հրամանի հիմքում սուբյեկտիվ պատճառներ են, որոնք հասունացել են ժամանակի ընթացքում և ի վերջո արտահայտվեցին այդ ձևով,-«Անկախի» հետ զրույցում ասաց ԲՈՀ-ի նախագահը,-պատճառ կարող են լինել, օրինակ, ատենախոսությունների նկատմամբ մեր կողմից դրված խիստ պահանջները, որոշ մասնագետների նկատմամբ մեր մոտեցումները, ինչն իրենց համար անհասկանալի է և այլն»:

Արմեն ԱշոտյանՆախարարի նման վերաբերմունքը, սակայն, նրան չի զարմացրել, քանի որ առաջին անգամ չէ. ԲՈՀ-ի նախագահ նշանակվելուց հետո որոշակի խմորումներ եղել են, օրինակ, ԲՈՀ-ի լիազորությունների, կանոնակարգային խնդիրների հետ կապված, սակայն հանգուցալուծումը եղել է վարչապետի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցել են նաև նախարարը և ԲՈՀ-ի նախագահը: Վերջինս, համենայն դեպս, այդ քննարկման արդյունքներից գոհ է մնացել, քանի որ վարչապետը լիովին հասկացել է իր կողմից բարձրացրած հարցերը և ընթացք տվել դրանց:

Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանը նախարարության իրավաբաններից մեկի ջանքերով տարբերակ է գտել Ղուկասյանից ազատվելու համար: Իրավաբանը բացահայտել է, որ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածում և  իրավական ակտերում ամրագրված կետերը չեն համապատասխանում իրար:

Դրա մասին տեղյակ է պահվել Արտուշ Ղուկասյանին և ասվել, որ այսուհետ պետք է կիրառել իրավական ակտերում ամրագրվածը, այսինքն` 1997 թվականի պահանջները: ԲՈՀ-ի ղեկավարը նախ զարմացել է, ապա կատարել նախարարի պահանջը:

Զարմանքի պատճառն այն է, որ նա ընդհանրապես տեղյակ չի եղել այդ անհամապատասխանության մասին. «Ես եկել եմ 2010 թ., ընդունել եմ փաստաթղթերն այնպես, ինչես կան և ինչպես տարիներ ի վեր ընդունված է եղել»,- ասում է Արտուշ Ղուկասյանը:

Բանն այն է, որ 2001 թ., երբ ԲՈՀ-ն ունեցել է այլ կարգավիճակ` լինելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման հանրապետական մարմին և որոշակի ինքնուրույնություն է ունեցել, կառույցի ղեկավարն էլ եղել է ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի հավելվածներում կատարվել են որոշ փոփոխություններ, ավելի ճիշտ` լրացումներ, ճշգրտումներ, որոնք կրել են բացատրական բնույթ, ապահովել են աշխատությունների հրապարակայնությունը, լրացումներից մեկն էլ կատարվել է միջազգային պայմանավորվածությունների արդյունքում: Սակայն պարզվել է, որ դրանք իրավական ակտերում ինչ-ինչ պատճառներով չեն ամրագրվել:

2001-ից ի վեր այդ լրացումներով է առաջնորդվել ոչ միայն այդ ժամանակվա նախագահը, այլև նրա հաջորդը` Արմեն Թռչունյանը, որը պաշտոնավարել է 2002-ից մինչև 2010 թվականը: Հատկանշական է, որ 2002-ից ԲՈՀ-ը մտել է ԿԳ նախարարության աշխատակազմի կառույցի մեջ՝ որպես գործակալություն, և Ղուկասյանը կարծում է, որ այդ ժամանակ նախարարությունը պարտավոր էր իրավական ակտերում ամրագրել գործող փաստաթղթերը: Իսկ Արմեն Աշոտյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, երբ իր իսկ նշած «խախտումով» ԲՈՀ-ն աշխատում էր արդեն ութ տարի: «Եթե դրանք պետք չէին, ժամանակին թող նախարարության կողմից համարվեին անվավեր, ոչ թե տասը տարի հետո նոր ասեին` սխալ է: Նշանակում է` կամ իմացել են և նորմալ են ընդունել, կամ նախարարության աշխատակազմը թերացել է իր պարտականությունների մեջ»,-ասում է Ղուկասյանը` մնալով, սակայն, այն կարծիքին, որ կատարված փոփոխությունները միայն դրական ազդեցություն են գործել և ընդունելի են եղել գիտական հանրության կողմից:

Այս ամենը վկայում է, որ ԲՈՀ-ի նախագահի «թերացումն» ընդամենը առիթ է եղել խիստ նկատողության համար: «Մինչդեռ, եթե լիներ առողջ աշխատանքային մթնոլորտ, նախարարության կողմից համակարգը բարելավելու բարի ցանկություն, ապա առանց աղմուկ-աղաղակի այդ փոփոխություններն այսօր կամրագրվեին նաև իրավական ակտերում, և ամեն ինչ նորմալ հունով կընթանար: Բայց, փաստորեն, դրանք ոչ միայն չամրագրվեցին, այլև ընդհակառակը` հանվեցին, և Աշոտյանն այժմ կարգադրել է առաջնորդվել 1997 թ. փաստաթղթերով, ինչը, կարծում եմ, հետընթաց է»,- ասում է նա:

Ղուկասյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն նամակ է պատրաստել նախարարին, որպեսզի այդ փոփոխությունները և նաև այլ փոփոխություններ ամրագրվեն իրավական ակտերում, որոնք խիստ անհրաժեշտ են ԲՈՀ-ի գործունեությունը բարելավելու համար:

Ըստ Ղուկասյանի՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԲՈՀ-ը պետք է հնարավորինս անկախ մարմին լինի և ունենա որոշակի լիազորություններ. «Այն երկրներում, որտեղ որակավորման պետական մարմիններն ունեն ցածր կարգավիճակ, այնտեղ շատ խախտումներ են գրանցվում, և գիտության մակարդակն էլ ցածր է»:

Ինչով կավարտվի այս պատմությունը` առայժմ անորոշ է:  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ ԲՈՀ-ի նախագահին  երկրորդ ան•ամ խիստ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար, և եթե խորհուրդը տա համաձայնությունը, դա հիմք կհանդիսանա Ղուկասյանին ազատելու զբաղեցրած պաշտոնից: Քաղծառայության խորհուրդ է դիմել նաև Ղուկասյանը` նախարարի առաջին  նկատողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և բեկանելու համար: Երկու դիմումների հիման վրա մեկ ընդհանուր ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքները պարզ կլինեն մեկ ամսվա ընթացքում:

ԲՈՀ-ի նախագահը տրամադրված է գնալ մինչև վերջ: Նրա խոսքով՝ սա իր համար ոչ թե պաշտոնից զրկվելու հարց է, այլ արժանապատվության. «Փաստորեն, իմ երկար տարիների փորձը, աշխատանքը, պետությանը մատուցած ծառայությունները, որի համար բազմաթիվ պարգևներ եմ ստացել, այս հրամանով վարկաբեկվում են, ինչն  անընդունելի է: Կարծում եմ` Աշոտյանը պետք է մտածի իր այս քայլի մասին…»

Հանրային խորհրդի դիրքորոշումը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև վերոնշյալ հարցը: ՀԽ անդամները համարել են, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել է հանրապետության նախագահին՝ առաջարկելով քննարկել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, կասկած էր հայտնել, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, կարծում է, որ ընդհակառակը, նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են,  մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի:

Ի դեպ, Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում: Այժմ ընդունված է համալսարանների կողմից կոչումներ տալը: Ընդ որում, էական նշանակություն ունի, թե որ  համալսարանում ես պաշտպանել: Արժե՞, որ Հայաստանն անցնի այդ համակարգին, թե ոչ, դժվարանում եմ ասել: Չեմ բացառում նաև, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն,  որտեղ չկա բուհերի բազմազանություն և մրցակցություն, ԲՈՀ-ի անհրաժեշտությունն առայժմ հիմնավորված է: Բայց եթե անգամ մենք մյուս ճանապարհով գնանք, դա պետք է լինի դանդաղ՝ ոչ այս տարի, ոչ էլ չորս տարի հետո, քանի որ մեր համալսարանները դեռևս պատրաստ չեն այդ փոփոխությանը»:

Նա հիշեց, որ երբ հետխորհրդային որոշ երկրներ անցան նոր համակարգին, այդ երկրներում դոկտորների թիվը տասն անգամ աճեց, սկսվեցին չհիմնավորված դիսերտացիաների պաշտպանություններ, և պետությունը կրկին վերադարձավ հին համակարգին: «Այնպես որ, եթե անգամ գնանք նոր ճանապարհով, ապա դրա համար պետք է ժամանակ, զարգացման որոշակի աստիճան, ազնվության և վստահության որոշ չափանիշների փոփոխություն, որոնք առայժմ մեր պետության մեջ չկան»,-ասում է Մանուկյանը:

Միաժամանակ նա կարծում է, որ ԲՈՀ-ը չպետք է ենթակա լինի որևէ նախարարության, այլ պետք է ավելի բարձր կարգավիճակ ունենա և ինչ-որ իմաստով անկախ լինի կամ կից լինի կառավարությունը, ինչպես ժամանակին է եղել:

 

Tags: , ,