Ագավա

agave-americana-538Ագավան` հայերեն պերճածաղիկ, պատկանում  է  նարգիզազգիների ընտանիքին:

Այն սուկուլենտ է, գոյություն ունի ավելի քան 400 տեսակ:

Հայրենիքը Ամերիկան է, առավել տարածված է Մեքսիկայում: Ագավան առանց ցողունի, բարձր և փռված բույս է:  Տերևները դասավորված են վարդակաձև: Բույսի տերևների երկարությունը հայրենիքում կարող է հասնել 30սմ-ից  մինչև 3 մետրի: Ագավան գոյության ընթացքում ծաղկում է մեկ անգամ, որից հետո չորանում է:

Բույսը տարբեր վայրերում ծաղկում է  տարբեր տարիքում: Մեքսիկայում այն ծաղկում է 11-12, Կովկասում՝ 25-30, իսկ բարեխառն գոտու պայմաններում՝ 75-100 տարում: Ծաղկակիրը կարող է հասնել մինչև 12մ, որի վրա կարող են լինել 4000 և ավելի ծաղիկներ:

Ագավաները բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը կոչվում է «Մեգեյա», որից ստացվում է  օշարակ և սպիրտ, իսկ մյուսը՝ «Խենեկեն», որը մանրաթելի հումք է:

Շատ ագավաների տեսակների տերևներից պատրաստում են պարաններ,ճոպաններ և այլ կոպիտ հյուսվածքներ, դրանց ավելցուկներից  արտադրում են  թուղթ` հիմնականում փաթեթավորման:Տերևի փափուկ մասերից օճառ են ստանում: Բույսի չորացած տերևները օգտագործում են որպես շինանյութ,իսկ ամբողջ բույսերով  `կենդանի ցանկապատ:

Մինչև ծաղկելը  մուգ կանաչ ագավայի և այլ ագավաների շաքարային հյութից պատրաստում են պուլկե ալկոհոլային խմիչքը,իսկ ագավայի վարդակից արտադրում են ավելի ուժեղ ալկոհոլային խմիչքներ թեքիլան և մեսկալը: Միայն երկնագույն ագավան է օգտագործվում թեքիլա ստանալու համար:

Որոշ ագավաների արմատներ գործածում են բժշկության մեջ: Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները  պարունակում են սապոնին,որը  օգտագործում են  հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ:

Ագավաները բազմանում են սերմերով, արմատածիլերով և բողբոջ սոխիկներով:

Այս բույսը Հայաստանում օգտագործվում է քաղաքի կանաչապատ գոտիներում ՝գորգային ձևավորումների համար. դրվում է ծաղկաթմբի մեջտեղում, ինչպես նաև աճեցվում է մեծ ծաղկամաններում, որոնք կարող են դրվել պատշգամբներում:

Ագավան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18, իսկ ամռանը՝ 23 աստիճանից:

Բույսը չպետք է առատորեն ջրել, հատկապես ձմռանը: Խոնավության ավելցուկից տերևներն ու արմատը կարող են նեխել:

Ագավայի համար սենյակում ամենալավ տեղը համարվում է հարավային և արևելյան տեղերը, այն ջերմասեր բույս է և չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից:

Դիտվել է 1813 անգամ:
Tags: