Քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ

DSCN4277Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ: Ներկա էին  պետական իրավասու մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների գծով  խորհրդական Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ նմանտիպ խնդիրների դեպքում մեղավոր է ողջ հասարակությունը, պարզապես ոմանց մեղքի բաժինն ավելի մեծ է:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները: Նրանք փաստեցին, որ Կենտրոնական ծածկած շուկայի շենքի տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը շինարարության թույլտվություն է ստացել միայն շենքի ստորգետնյա մասում  պահեստային տարածք և ավտոկայանատեղի կառուցելու համար, իսկ վերգետնյա շինարարության իրավունք ընկերությունը չունի: Քաղաքապետարանի պահանջով ընկերությունը սկսել է ապամոնտաժումը: Մի քանի սյուներ արդեն ապամոնտաժվել են, բայց դեռ առկա են շինարարության հետքեր:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը իր խոսքում փաստեց`   այն, որ ծանր տեխնիկա են մտցրել պատմամշակութային կոթող, արդեն նշանակում է, որ շենքը կսկսի դեֆորմացվել: «Ռեստավրացիոն աշխատանքների հոտ չի գալիս: «Ռեստավրացիա» կոչվածը ուղղակի ոչնչացնում է հուշարձանը: Իշխանությունները չեն պատժում մեղավորներին շատ զարմանալի պատճառաբանությամբ` հանցակազմ չեն տեսնում: Մինչդեռ ինչքան էլ խոսենք ապամոնտաժման աշխատանքների մասին, ամեն օր անցնելով հուշարձանի մոտով, տեսնում ենք, որ շինարարությունը շարունավում է: Ես միայն մեկ առաջարկ ունեմ: Թող  սեփականատերը կատարի այն, ինչի մասին շարունակ կրկնում է: Նա պետք է  վերադարձնի շուկայի շենքի հին տեսքը, որից հետո պետք է  նոր նախագիծ կազմել, որպեսզի դեմոնտաժ արվի, շենքն ամրացվի», – ասաց Մկրտիչ Մինասյանը և շեշտեց, որ ակտիվիստների ու ճարտարապետների մի ողջ խումբ պատրաստ է ուղղակի նստադուլ հայտարարել հուշարձանի մոտ. «Ես հարգում եմ պետությանը, բայց եթե անտարբերությունը այս կերպ  շարունակվի, ապա ես ինքս էլ ոչինչ չեմ անի զսպելու համար մարդկանց բողոքը»: