Անգլիական «Channel 4» հեռուստաընկերությունը մեկ շաբաթից սկսվող մահմեդական մեծ պահքի՝ ռամազանի ամսվա ընթացքում ամեն առավոտ ուղիղ եթերով հեռարձակելու է իսլամական աղոթքի կանչը՝ ազանը: Բացի այդ՝ անգլիական ալիքը հավատացյալ մահմեդականներին հիշեցման կարգով հայտնելու է նամազի ժամերը, ինչպես նաև մոտ օրերս ցուցադրվելու է ռամազանի մասին պատմող մի քանի րոպեանոց ֆիլմ:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հեռուստաընկերության տնօրեն Ռալֆ Լին նշել է, թե իրենք հաշվի են առել, որ նման որոշման համար կարող են քննադատության արժանանալ: Տնօրենը ընդգծել է, որ Անգլիայում օրեցօր աճում է մահմեդականների թիվը: «Մեր հեռուստադիտողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ Անգլիայի մահմեդականների կեսը մոտ 25 տարեկան է»,-նշել է տնօրեն Լին:
Հեռուստաընկերության որոշումը արժանացել է Անգլիայի մահմեդական համայնքի բարձր գնահատականին: Վերջիններս նշել են, որ այս կերպ ալիքը օգնում է երկրում իսլամականության ճիշտ ներկայացմանը: Անգլիայում 2011 թվականի տվյալներով մոտ 3 միլիոն մահմեդական է բնակվում: Սա կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը:
Tags: Անգլիա
