Սահմանադրական բարեփոխումների մասին պետք է մտածել ամեն օր. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1995թ. հոլիսի 5-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակելու պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն դառնալու կարևորագույն գործը, ինչն ամրագրված է 1990թ. Հայաստանի անկախության հռչակագրում: Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց ՀՀ 18-ամյա Սահմանադրության ձեռքբերումների, բացթողումների և անհրաժեշտ փոփոխությունների, անկեղծացավ իր հնարավոր ռեկորդի մասին:

-Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Այդ օրվանից մինչ այսօր ինչ ձեռքբերումներ են արձանագրվել:

-Սահմանադրության` 1995թ.-ի ընդունումից հետո միջազգային պրակտիկայում կար տարակարծություն` արդյոք պետք է փլուզումից անմիջապես հետո Սահմանադրություն ընդունել, թե պետք է հասարակակական հարաբերությունները որոշակիորեն կայունան և այդ կայուն հարարաբերությունների գնահատումն էլ սահմանադրականացնել: Միաժամանակ, մեր կյանքի պահանաջն էր, որ առանց սահմանադրական լուծումների հնարավոր չէ առաջ գնալ, Հայաստանը գնաց նաև սահմանադրական օրենքի ընդունման ճանապարհով առաջին տարիների հարարբերությունները կանոնակարգելով, այսուհանդերձ, գրեթե բոլոր երկրներն ընտրեցին մոդելային սահմանադրությունների ընդունման ճանապարհը, դա նշանակում էր, որ արդեն գործարկված մոդելն այս կամ այն չափով տեղայնացվում էր, սա բավականին լայն տարածում գտավ աշխարհի երկրներում, որոնք փլուզումներից հետո փորձում էին ինքնուրույն ճանապարհ անցնել: Բայց այդ սահմանադրություններն ունեին ներքին վտանգներ, որոնք ենթադրում էին այլ հարաբերությունների կանոնակարգումը տեղափոխել մեկ այլ սոցիալական դաշտ: Սա հաճախ նմանվում էր օրգանի պատվաստման և առաջանում էր երկրոդ փուլի կարևորագույն խնդիրը, ինչպես կատարելագործել համակարգը, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցվեին: Հայաստանում Սահմանադրության ընդունումից հետո արդեն 1998թ.-ից սկսվեցին լուրջ քայլեր ձեռնարկվել հետագա զարգացման ուղղությամբ և միայն 2005թ.-ին սահմանադրական բարեփոխումներ արվեցին:

-ՀՀ Սահմանադրության անցած ճանապարհին ի՞նչ բացթողումներ արձանագրվեցին:

-1998թ.-ից ձեռնարկված բարեփոխումները որոշակի ամփոփման հասցվեցին 2001թ.-ին, երբ Վենետիկի հանձնաժողովի, յոթ երկրների ներկայացուցիչների հետ միասին նախաձեռնվեց սահամանդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որտեղ ներկայացված էր 25 երկրների սահմանադրական պրակտիկան, առաջացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, որը, սակայն, 2003թ. հանրաքվեի ժամանակ չընդունվեց: Չընդունման պատճառները տարբեր են: Ես այս հարցի վերաբերյալ ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, բայց թույլ տվեք այս պահին չարտահայտվել: Բայց բոլոր պարագաներում խնդրի լուծումը մնավ օդում կախված: Այն սկսվեց փնտրվել 2005թ.-ի բարեփոխումներում, երբ նախնական քայլերը մի քանի քայլ հետ էին, քան 2001-ի նախագծում, բայց հետո որոշակի լուծումներ գտնվեցին և Վենետիկի հանձնաժողովի ակտիվ միջամտությամբ ընդունվեցին փոփոխությունները: Սա արդեն դարձավ բուն սահմանադրական զարգացումների կարևորագույն քայլերից մեկը:

-Վերջին շրջանում շատ է անդրադարձ արվում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում:

- Սահմանադրական բարեփոխումը միայն փոփոխությունն ու լրացում չէ: Սահմանադրական զարգացումը տեղի է ունենում սահմանադրական օրենքների միջոցով, որը մեզ մոտ գոյություն չունի, սահմանադրական վերացական մեկնաբանման ինստիտուտի միջոցով, սահմանադրական լիազորությունների հարցով վեճերը լուծելու համակարգի միջոցով, որոնք մեզ մոտ գոյություն չունեն: Այնուհետև գալիս են սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, միջազգային դատարանների դիրքրոշումները և Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները: Սահմանադրության էվոլուցիոն զարգացման հնարավորությունները սահմանափակված են, որը հանգեցնում է նրան, որ սահմանադրական բարեփոխումը պետք է գնա վիրատական միջամտության ճանապարհով: Սա լուրջ խնդիր է երկրի կայուն դինամիկ զարգացումը երաշխավորելու համար և այդ խնդիրն իր լուծումը պետք է ստանա: Ես իմ հետազոտություններում բազմիցս այս թեմային անդրադարձել եմ, որը ապագայի համար պետք է հաղթահարել Հայաստանի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դա չհաղթահարվեց 2005թ.-ի բարեփոխումների ընթացքում, նաև տեղ գտան մի շարք կիսալուծումներ, օրինակ անհատական դիմումների համակարգի ներդրման խնդրի հետ կապված: Վերջերս Եվրախորհուրդը փաստաթուղթ ընդունեց, ամբողջ աշխարհում այդ խնդիրն ուսումնասիրվեց, հեղինակներից մեկն էլ ես էի: Այդ փաստաթղթում եզրահանգումը մեկն է. իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար պետք է անպայման ներդնել անհատական դիմումների լիարժեք համակարգ: Մենք սահմանադրական բարեփոխումների մասին պետք է մտածենք ամեն օր: Սահմանադրությունն այսօր գոյություն չի ունենա առանց Գերագույն դատարանի 550 հատոր որոշումների:

-Արդեն երկար տարիներ ՍԴ նախագահ եք, մասնակցում եք բազմաթիվ միջազգային հանձնաժողովների նիստերի, տարբեր փաստաթղթերի համահեղինակ եք, հոգնեցուցիչ չէ՞:

-Չի կարելի հոգնել: Այս աշխատանքն այնպիսին է, որ պահանջում է փորձառության լիարժեք իրացում, բացի դրանից, ես դեռ չեմ հասել ռեկորդին Ավստրիայի և Բելգիայի իմ գործընկերները ավելի շատ են պաշտոնավարել, քան ես, բայց խնդիրը հետևյալն է` ընդհանուր տրամաբանությամբ կարելի է ինչ-որ բանից հոգնել: Կարելի է հոգնել, երբ դադարում ես ստեղծագործաբար մոտենալ քո անելիքին, իսկ երբ ստեղծագործաբար ես մոտենում և տեսնում ես հսկայական անելիքը, չես հոգնում:

Հարցազրույցը պատրաստեց Սեդա Մանուկյանը