Հողի կանչը. Հայաստանի ու հայի պատկերը սփյուռքահայ ռեժիսորի աչքերով

DSCN8416Լիբանանում ծնված և Մոնրեալում ստեղծագործող ռեժիսոր Մառլեն Էդոյանի  ՛՛Հողի կանչը՛՛  (Արմենի կերպարը) վավերագրական ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛  մրցույթի  ՛՛Վավերագրական՛՛ ֆիլմերի  անվանակարգում:  Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է`ստեղծված 2012-ին:

Նրա խոսքով`հասկացել է`հայ մարդուն հասկանալու համար պետք է շրջես գյուղերով, խոսես գյուղացու հետ, ինչը և ինքը արել է: Իսկ ֆիլմի անգլերեն անվանումը Figure of Armen, սիմվոլիկ նշանակություն ունի. հայի կերպարն է իր մեջ ամփոփում:

՛՛Հողի կանչը՛՛  կարելի է ճանապարհային ֆիլմ կոչել. հեղինակը անցնում է Հայաստանի  գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը, պատգամը և սերը հողի նկատմամբ: Ճանապարհորդության ընթացքում  Էդոյանը տարբեր իրավիճակների է դեմ առնում. հուսալքություն, լավատեսություն, նվիրվածություն հայրենի հողին:  Արագածոտնում, Շիրակում, օրինակ,  մարդիկ հուսալքված են, դժգոհ իրենց կյանքից, երազում են, որ գեթ մի հնարավորություն ունենան երկրից հեռանալու: Ոմանք արդեն իսկ հեռանալու անհաջող փորձ ունեն. դրսում ձախողվելուց հետո էլի հայրենիք են վերադարձել, բայց միևնույնն է, մտածում են մեկնելու մասին: Իսկ, օրինակ, 20 տարի առաջ ՀՀ-ում հաստատված ջավախքահայ մի ընտանիք չի էլ մտածում հեռանալու մասին:  Ընտանիքի հայրը վստահ է, որ ուր էլ գնաս, հայրենի հողից լավ տեղ չկա, ուստի իր երեխաներին սովորեցրել է բավարարվել ունեցածով ու տեղում պայքարել ավելիին հասնելու համար:

Ամենուր`ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում,  մարդիկ նույն ծանր սոցիալական վիճակում են. չկա աշխատանք, ապրուստի միջոց: Բայց, օրինակ, Արցախում մարդիկ չեն էլ մտածում հեռանալու մասին. արյուն ենք թափել հողի համար, ոնց թողնենք ու հեռանանք:  Այստեղ դեռ թարմ են ոչ վաղ անցյալի պատերազմական հուշերը, ամեն քար ու թուփ հաջողված կամ ձախողված որևէ մարտի  վկան է:

Ջավախքում  ոմանք վախենում են խոսել վրացիների ճնշումների մասին, ոմանք համարձակվում են դժգոհել վրացիների վերաբերմունքից, բայց էլի, որևէ մեկը չի մտածում հեռանալու մասին:

Ֆիլմն ավարտվում է դրական նոտայով. պեմզաշենցի մի կին   Հովհաննես Շիրազի բանաստեղծությամբ է հիշեցնում, որ հայրենի հողը համեմատելի է միայն մայրական սիրո հետ աշխարհում:

Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ իրենց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Սյունիքում  հերոսը արցախյան ազատամարտի մասնակից է: Երբ պատերազմը սկսվել է, առանց երկար-բարակ մտածելու ինքն ու որդին դուրս են եկել հայրենիքը պաշտպանելու: Հետո որդին զինվորականի մասնագիտությունն է ընտրել: Այժմ, սակայն, թոշակի անցած նախկին զինվորականը Ռուսաստանում է ապրում, իսկ Հայաստանում նրա ծեր հայրն ու մայրն են:

Արցախում ևս հերոսը ազատամարտիկ է: Այժմ, սակայն, ծերունին իր հայրենի գյուղում միայնակ է ապրում, որդիներից մեկը Ստեփանակերտում է, երկուսը`Ռուսաստանում: Իսկ հայրենի հողի արժեքը գիտակցող ծերունին ասում է, որ ուր էլ լինես, միայն հայրենի հողում կարող ես լիիրավ ապրել ու իրավատեր լինել:

Էդոյանն ասում է, որ փորձել է  ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լինում լքել հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց օգտակար չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ  չեն:

Հեղինակի խոսքով`հայրենի հողը դուրը շատ է եկել ու պատրաստ է գալ ու ապրել Հայաստանում: ՛՛Հատկապես շատ սիրեցի Ջավախքը, մտածում եմ մեկ-երկու ամսով այնտեղ ապրել ու նոր ֆիլմ նկարել՛՛,- ասում է Էդոյանը:

 

Tags: ,