՛՛Լյալիկ՛՛. Տիկնիկագործ կինը`վավերագիր ռեժիսորի ֆիլմի հերոս

DSCN8422Արա Ճաղարյանի ՛՛Լյալիկ՛՛ ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ մրցույթի  ՛՛Կարճամետրաժ՛՛ անվանակարգում:

Մտերիմներն ու հարազատները նախկին ճարտարապետին և ներկայում տիկնիկներ պատրաստողին քնքշանքով Լյալիկ են կոչում:  Կինը իր 40-ամյակի նախաշեմին անսպասելիորեն թողել է իր մասնագիտությունը և սկսել տիկնիկներ պատրաստել:  Արարքի բացատրությունը կարծես պարզ է. շատ է սիրում տիկնիկներ և իր սիրելի տիկնիկը չի գտել ողջ կյանքում: Տիկնիկագործի  Երևանում գտնվող տունը ստեղծագործելու 10 տարիների ընթացքում վերածվել է տիկնիկների թանգարանի: Ամեն տիկնիկ իր յուրօրինակ դիմագիծն ու կենսագրությունն ունի. մեկը միայնակ է ու թախծոտ, մյուսն իր ընտանիքն ունի, երջանիկ է, մյուսը սպասում է, թե երբ Լյալիկն իր համար կյանքի կես  կստեղծի:

Տիկնիկագործ Հայկուհին ապրում է ձեռքով պատրաստված ծաղիկների վաճառքից ստացված միջոցներով, իսկ  իր տիկնիկներին չի վաճառում և չի նվիրում. ոնց կարող է այդկերպ վարվել իր հարազատի կամ ընկերոջ հետ:   Փոխարենը նրա տան դուռը բաց է բոլոր նրանց առջև, ովքեր կցանկանան դիտել տիկնիկները:

՛՛Կինը իմ կարծիքով մեր իրականությունից դուրս է: Փորձել եմ դա փոխանցել դիտողին՛՛,- ասում է Ճաղարյանը`հավելելով, որ  մեր օրերում հազվադեպ են մարդիկ, ում համար նյութականը որևէ նշանակություն չունի, ուստի անհնար է անտարբեր անցնել նման կերպարի կողքով:

Արա Ճաղարյանը ՀՊՄՆ Ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ է: Ավելի վաղ հեղինակել է ՛՛Տարազ՛՛, ՛՛Մանրամասն սիրելու երկիրը՛՛, ՛՛Ղողանջ զարթոնքի՛՛, ՛՛Ձայն եկեղեցու՛՛ վավերագրական ֆիլմերը:

 

Tags: ,