Աշխարհահռչակ գերմանացի ռեժիսորը` Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

MՖիլմն սկսվում է առաջին կադրից, այն ճանապարհ է բացում դեպի ֆիլմը, ուստի պետք չէ ուշանալ ֆիլմից. այսպիսի խորհուրդ տվեց այսօր աշխարհահռչակ գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա Ոսկե ծիրան 10-րդ  միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրերից է:

Ռեժիսորը պատմեց, որ ինքը աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով:

60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը:

«Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննդատա լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրով հանդիսատեսին կներկայացվի ֆոն Թրոթայի հաննա«Հաննա Արենդտ» ֆիլմը:  Այն հրեական ծագումով կին փիլիսոփայի մասին է, որը  1961-ի իր նյույորքյան տարագրությունից մեկնեց Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր էր դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանք, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների հանգեցրեց: Նա արժանացավ արհամարհանքի, զրպարտության, կորցրեց վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արենդտը մնաց իր հաստատուն կարծիքին`  փորձելով ամեն դեպքում հասկանալ, եթե նույնիսկ  դա  նշանակում էր «մտածել ցավ զգալու աստիճանի»:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

Tags: , , ,