PKK-ի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են, Մուրադ Քարայըլանը հեռացել է

PKK PKK-ի ղեկավար խորհրդում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ կայացած ընտրությունների արդյունքում KCK-ն (Քրդստանի ժողովուրդների կոնգրես) անցել է համանախագահության համակարգ: Քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Հետաքրքրական է, որ PKK-ի նշանավոր ղեկավարներից Մուրադ Քարայըլանը, որը Օջալանի բացակայության պայմաններում առաջնորդում էր քուրդ զինյալներին, KCK-ի ղեկավար խորհրդի նախագահության կազմից դուրս է մնացել: Նրա փոխարեն այդ պաշտոնում են ընտրվել Բեսե Հոզաթն ու Ջեմիլ Բայըքը: Վերջինս կրելով «Ջումա» ծածկանունը, համարվում է ներկայումս կենդանի PKK-ի 5 հիմնադիր անդամներից մեկը:

Ինչպես հաղորդում է «Ռադիկալը»՝ KCK-ի ղեկավար խորհուրդը որոշել է շարունակել գարնանը սկսված լուծման գործընթացը: Հայտարարվել է, որ խորհուրդը հավատարիմ է մնալու Օջալանի նովրուզյան պլանին, այսինքն PKK-ի զինյալների հետ քաշվելուց հետո իրենք սպասելու են Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի առաջիկա քայլին:

Հետաքրքրական է, որ PKK-ի ղեկավար կազմի փոփոխության խորհրդաժողովի ժամանակ քրդերեն 5 բարբառներից բացի, մասնակիցները երդվել են նաև թուրքերենով:

Tags: ,