Ինչպես գիտենք, հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական հանդիպումը Հանրապետության ղեկավարի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ քննարկման է ներկայացվել ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրները և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները:
Հանրային խորհրդի կայքէջում տեղադրված օրակարգից, սակայն, տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև արտագաղթի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման, Ծածկած շուկայի, Հանրապետության հրապարակի վերակառուցման, ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:
«Անկախը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց այդ հարցերի վերաբերյալ:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ այն բազմաթիվ գործոնների հանրագումարի հետևանք է: «Ընդ որում, այդ գործոններից պետք է անջատել բնական գործոնը, որը բնորոշ է բոլոր երկրներին,- ասաց Մանուկյանը,- ես օրինակ բերեցի, որ Ֆրանսիայից վերջին 5 տարվա ընթացքում տասնյակհազարավոր բարձր որակի մասնագետներ են գնացել ԱՄՆ: Այսինքն` գլոբալացման պայմաններում ողջ աշխարհում արտագաղթի մի ընդհանուր ֆոն կա, բայց եթե մի երկրում արտագաղթն այդ ֆոնից ավելին է, նշանակում է` այդ երկրի ներսում կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել»:
Մանուկյանը որպես արտագաղթը խթանող ներքին խնդիր նշել է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտը` վաղվա օրվա անորոշությունը, թվացյալ կամ իրական հեռանկարի բացակայությունը, այն, որ չեն ներկայացվում հստակ տեսլականներ և չի ապացուցվում դրանց կենսունակությունը:
Արտագաղթը կանխելու գործում նա կարևորում է նաև հայրենասիրությունը` նշելով, որ այն չի քարոզվում, ավելին` հակաքարոզչության դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում: Իսկ հայրենասիրություն սերմանելու գործը նախ և առաջ դպրոցինն է, ապա հեռուստատեսությանն ու մամուլինը: «Օրինակ` հեռուստատեսությամբ շատ եմ նկատել, որ ցուցադրում ենք, ասենք, հայ արվեստագետներին, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել և մեծ հաջողությունների են հասել: Բայց չենք ցուցադրում այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գնացել են նույն Միացյալ Նահանգներ և ճիշտ է` սննդի հարցը լուծել են, բայց նրանց կյանքի որակը հավասարվել է զրոյի: Ամբողջ օրը անգործ նստած` նարդի են խաղում, բամբասում են և Հայաստանից, և Ամերիկայից: Ես խիստ կասկածում եմ, որ նրանք երջանկություն են գտել»:
Ինչ վերաբերում է հեռուստաեթերի խնդրին, որը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում և բարձրացվել նաև նախագահի մոտ, այդ հարցի քննարկումները շարունակվելու են Հանրային խորհրդում: «Հ1-ի ղեկավարությունը փոխվել է, և դա ենթադրել է տալիս, որ քաղաքականությունը նույնպես պետք է փոխվի: Տեսնենք, որոշ ժամանակ կսպասենք»,- ասաց նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունն իր գործունեության տարեկան հաշվետվության մեջ, որը ներկայացնում է Ազգային ժողով, հատուկ անդրադառնա այն հարցին, թե տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցել:
Երկրի ղեկավարը կիսել է արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները` ընդունելով, որ այն միայն սոցիալական խնդիրների հետևանք չէ, և արտագաղթի պատճառները հատուկ ուսումնասիրության կարիք ունեն:
Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերաբերյալ Հանրային խորհուրդը ներկայացրել է իր հստակ մոտեցումները. շուկան պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար, իսկ Հրապարակը վերակառուցման անհրաժեշտություն չունի: Այդ հարցի առնչությամբ հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը Հրապարակի վերաբերյալ հայտարարված մրցույթի առնչությամբ նշել է, որ դա ընդամնեը մրցույթ է, հնարավորություն է տալիս ճարտարապետներին մտածելու և ամենևին էլ չի նշանակում, որ այդ մտահղացումները պետք է իրականանան:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վերաբերյալ և անընդունելի համարել որոշ շրջանակների կողմից տարածված այն պնդումները, թե իբր դրանով հավասարակշռությունը չի խախտվում հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև: Նշվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ հավասարակշռություն այդ առումով երբեք էլ չի եղել. պատերազմի սկզբում ադրբեջանցիները մոտ քսան անգամ ավել զենք ու զինամթերք են ունեցել, և անհավասարակշռությունը պահպանվում է մինչ օրս: Վերջին վաճառքն այն էլ ավելի է խախտել:
Բարձրացվել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման հարցը: Նշվել է, որ դա չի համապատասխանում ՄԱԿ-ի սկզբունքներին և բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա մեր երկրի համար կառաջացնի մի շարք խնդիրներ: Նախ` հոգեբանական` կապված Ցեղասպանության հետ, նաև գործնական, քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:
Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը բարձրացվել է` հաշվի առնելով վերջին տարիներին հանրության շրջանում ակտիվորեն քննարկվող տեսակետները` կապված կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցնելու հետ, ինչպես դա տեղի է ունեցավ եվրոպական պետությունների գերակշռող մասում, մարզպետներին ընտրելու համակարգին անցնելու հետ և այլն:
Հանրային խորհուրդը կարծում է, որ այդ հարցերի քննարկմանը պետք է ներգրավել հանրության լայն շերտերի ներկայացուցիչների, քանի որ այդ հարցը նախ և առաջ կարևոր է երկրի ապագայի տեսիլքի ձևակերպման տեսանկյունից: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ ՀԽ նախագահի, նույնպես շատ կարևոր են. «Պետք է հնարավորինս բացառել կեղծիքներ անելու, ինչպես նաև հարցը շահարկելու հավանականությունը: Պետք է փակել օրենսդրության բոլոր բացերը, ինչը կապահովի ոչ միայն ընտրությունների մաքրությունը, այլև հասարակության վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ: Եթե ընտրությունները մաքուր են եղել, բայց մարդիկ վստահություն չունեն արդյունքների նկատմամբ, դա գրեթե համարժեք է նրան, որ ընտրությունները կեղծված են»,-ասում է նա:
Հանրային խորհուրդն առաջարկել է չեզոք հարթակ ծառայել հարցը քննարկելու համար, որի շուրջ կարող են հավաքվել և իշխանական ուժերը, և ընդդիմությունը, և անկախ փորձագետները:
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպումներին և դրանց արդյունավետությանը` Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահի հետ քննարկվում են առավել ռազմավարական ու մասշտաբային հարցեր, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Իսկ Հանրային խորհրդում բարձրացվող հարցերի մի մասը հասցեագրված է ոչ թե նախագահին, այլ կառավարությանն ու տարբեր գերատեսչությունների, և Մանուկյանը համարում է, որ այս տարիների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի մի զգալի մասն այս կամ այն ձևով լուծվել է: «Երբ որևէ բան ես ասում, չի նշանակում, որ հենց այդ պահին դիմացինը պետք է կատարի: Նախ սկսվում են քննարկումներ, որոնք կարող են մի քանի օր տևել, կարող են ամիսներ տևել: Մի բան է ճիշտ հարց բարձրացնելը, լրիվ այլ բան` դա իրականացնելը: Իրականացումը միշտ շատ ավելի բարդ է, և պարտադիր չէ, որ արձագանքը միանգամից լինի»:
Նշենք նաև, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ աշնանը, ավարտելով աշխատանքը, Հանրային խորհուրդը հասարակությանը և նախագահին կներկայացնի չորս տարվա գործունեության արդյունքները: Նա հույս էր հայտնել, որ այդ ժամանակ Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծն էլ արդեն կներկայացվի Ազգային ժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտնել էր, որ Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատության ենթարկվել. «Սակայն, ինչպես ասում են, որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում,- ասել էր երկրի ղեկավարը,- մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին, և իրոք աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»:
Tags: Հանրային խորհուրդ, ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան