Հայաստան-Ռումինիա ուղիղ օդային ճանապարհը կփրկի տնտեսությունը

վարուժան ոսկանյան2013 թ. ամառը (8-9 հուլիս) նշանավորվեց  մի շատ կարևոր իրադարձությամբ` հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստով: Նիստի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստին մասնակցեցին հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրեցին համատեղ արձանագրություն:

Հանդիպելով Վարուժան Ոսկանյանին` «Անկախը» նպատակ ուներ մեկնաբանություններ ստանալ այդ փաստաթղթի  և առհասարակ երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին:

- Պրն. Ոսկանյան, ինչպիսի՞ն են հայ-ռումինական կապերի, համագործակցության հեռանկարները:

- Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը, անշուշտ, զարգացման հեռանկար ունեն, քանի որ վերջին տարիներին, չնայած մեր երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական և ներդրումային կապերն այնքան էլ բարձր մակարդակում չեն: Այդ իսկ պատճառով, օգտագործելով երկու երկրների ավանդական կապերը, որոշեցինք քաջալերել Ռումինիային՝ Ռումինիա-Հայաստան առևտրային պալատ ստեղծելու նպատակով: Ուստի հպարտ ենք, որ այսօր համապատասխան առևտրային պալատի հետ կարողացանք հայ-ռումինական համագործակցության պայմանագիր ստորագրել:

- Ո՞րն է երկկողմ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակը:

- Նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության, հեռահաղորդակցության, անասնաբուժության, գյուղատնտեսության (սերմացուի և տնկանյութի փոխադարձ ներկրումներ), սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, կրոնի բնագավառներում:

- Մի խոսքով, փորձում եք ակտիվացնել գրեթե բոլոր բնագավառները:

- Այո, երկկողմ համաձայնագրեր ենք ստորագրել տարբեր ոլորտներում` սկսած մշակույթից մինչև  տնտեսություն, ներկայացրել ենք ՀՀ ներդրումային հնարավորությունները։

- Ինչո՞ւ 2013-ը վճռորոշ եղավ երկկողմ համագործակցության համար:

Հայաստանը երկար ժամանակ մեկուսացած էր, գուցե Ռումինիայի հետ ուղիղ օդային կամ ծովային կապ չունենալու պատճառով, գուցե մենք իբրև քաղաքական դասակարգ, չկարողացանք լեզու գտնել մեր գործարար մարդկանց համագործակցության հարցում: Ուստի մեր գործարար մարդկանց ներկայությամբ ցանկացանք հզորացնել քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները:

- Ավելի լավ է ուշ, քան երբեք: Ինչի՞ց պետք է սկսել:

- Պետք է նախ և առաջ բարձրացնենք Ռումինիայում հայ ապրանքների որակը, որի համար որոշեցինք մշտական ներկայացուցչություն ունենալ թե՛ Ռումինիայում, թե՛ Հայաստանում: Ռումինիան պետք է կարողանա ներդրում կատարել շինարարության մեջ, էներգետիկայի, հեռահաղորդակցության մեջ, իսկ Հայաստանն ուժեղ է այդ հարցում:

- Այդ զարգացման ծրագրերից ո՞րն եք կարևորում:

- Պետք է վերջապես ուղիղ օդային կապ ստեղծենք երկու երկրների միջև: Անբնական է, որ Ռումինիա-Հայաստան ճանապարհի համար 9-10 ժամ ծախսենք: Եթե տրասնպորտային կապը թույլ է կամ խոչընդոտված, տնտեսական կապերի զարգացումը ևս կդժվարանա: Հուսով եմ, որ այդ շատ կարևոր հարցը ևս կլուծենք:

- Այնուամենայնիվ, համագործակցության ճանապարհին ո՞ր ոլորտը կարող է թերանալ:

- Չեմ կարծում, որ դժվարություններ, խոչընդոտներ կլինեն: Մեր ժողովուրդների միջև ավանդական և անկեղծ բարեկամական կապերը շատ ամուր են:

          Հետաքրքրվողներին ներկայացնում ենք այլ մանրամասներ.

Ռումինիայի և Հայաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, իսկ  Ռումինիայի հետ ամենաշահավետ մասը ներմուծումն է: Ընդ որում, Հայաստանից Ռումինիա արտահանվել է 600 հազար դոլարի ապրանք:

Կառավարության քաղաքական  կարևոր բաղադրիչ է համարվում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը (2013 թ. փետրվարի 28-ին դրանց արժեքը կազմում է 35,6 մլրդ եվրո): Հիմնական ներդրողները Հոլանդիայից (7,0 մլն եվրո), Ավստրիայից (4,6 մլն եվրո) և Գերմանիայից են (4,1 մլն):

Ռումինիայի կառավարության ռազմավարությունն ուղղված է մրցունակության աջակցությանը, աշխատուժի զբաղվածությանը, հանրային ֆինանսների ամրապնդմանը և ֆինանսական կայունությանը: 2012 թ. հայ-ռումինական առևտրի արժեքը կազմել է 7,87 մլն ԱՄՆ դոլար: 2011 թ. համեմատ, երկկողմ առևտրի ընդհանուր արժեքը նվազել է 16%-ով, որից  ներմուծումն աճել 17 %-ով, իսկ արտահանումը նվազել է18 %-ով: 2013 թ. ապրիլի 30-ին հայ-ռումինական առևտրային ապրանքները 2051,4 հազար ԱՄՆ դոլար էին, որից Ռումինիայի արտահանումը Հայաստան կազմել է 2041,6 հազար, իսկ Ռումինիայի ներմուծումը ՀՀ-ից՝ 9,8 հազար ԱՄՆ դոլար, երկկողմ առևտրի հաշվեկշիռը հօգուտ Ռումինիայի` 2031,9 հազար ԱՄՆ:

Ուստի, երկկողմ առևտուրն ունեցել է տատանվող զարգացում և բավականին ցածր արժեք 2002-2003 թթ.: 2004-2010 թթ. երկկողմ առևտուրն աճ է գրանցել  (բացառելով 2009 թ., որը նշանավորվեց տնտեսաֆինանսական ճգնաժամով):

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Tags: