Առաջին անգամ Հայաստանում` գեղանկարչական աշխատանքների բացառիկ ցուցահանդես

MHM79817 copyԱյսօր երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց  «Արևելքից` արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն, հայ արվեստագետներ» ցուցահանդեսը: Այն ուշագրավ է այն առումով, որ ցուցադրվում են վերջին 100 տարվա գեղանկարչական տարբեր ուղղությունների գործեր: Ոչ միայն հեղինակներն են տարբեր, այլև նրանց գեղեցիկի ընկալումը, այն ներկայացնելու ոճերն ու ձևերը:

Ցուցահանդեսում համաշխարհային ճանաչում ունեցող բոլոր ուղղություններն են (սկսած իմպրեսիոնիզմից), որոնցից ազդվել են հայ նկարիչները, յուրովի տեղայնացրել դրանք: 19-րդ տարի վերջից սկսած մինչև մեր օրերի գործեր են: Ընդ որում, հայ գեղանկարիչները  նախկինում այդպիսի ընդգրկումով երբեք չեն ցուցադրվել մեկ հարկի տակ:

Նախաձեռնողը «Աբրահամ Աննա աուկցիոն» ՍՊԸ-ն, Երևանում հիմնված «Բարձր արվեստ» կենտրոնն է: Վերջինս գործում է  2005-ից, իսկ վերջին շրջանում էլ ավելի է ակտիվացրել գործունեությունը` հայկական մշակույթը փորձելով մատչելի դարձնել տարբեր երկրների ներկայացուցիչների համար: Ընդ որում, կիրառվում են  ժամանակակից մեթոդներ և ձևեր, իսկ գլխավորը հայ նկարիչների գործերն աճուրդով վաճառելու, դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հնարավորություն է տրվում:

Ի դեպ, ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աբրահամ Աննա աուկցիոնի»  գործադիր տնօրեն Աննա Գրիգորյանը նպատակը մեկն է` միավորել արվեստի տարբեր տեսակները, ընդօրինակել 10-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի փորձը, և հետագայում գեղանկարչական այնպիսի ցուցահանդես կազմակերպել, որը նույնպես միջազգային ճանաչման արժանանա:

Իսկ ներկայիս ցուցահանդեսում, որը միավորել էր դասական և ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ, ճանաչված վարպետների գործերի կողքին, երիտասարդ, հեռանկարային ստեղծագործողների աշխատանքներ են: Ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գևորգյանի (Ջոտտո), Արշիլ Գորկիի, Էդուարդ Իսաբեկյանի, Ժան Գարզուի, Սերգեյ Փարաջանովի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Սերգեյ Փարաջանովի, Վարուժան Վարդանյանի, Ռոբերտ էլիբեկյանի, Գարիկ Կարապետյանի, Կարեն Օհանյանի և ուրիշների գործերը: Շուրջ 7 տասնյակ արվեստագետների աշխատանքներ են:

Ցուցասրահում մեծ թվով այցելուներ էին: Ներկա էին նաև «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները: Ողջույնի խոսք ասաց Հարություն Խաչատրյանը:

Վերջում, հայկական արվեստի զարգացնան և քարոզչության գործում ունեցած մեծ ներդրաման համար, մրցանակ հանձնվեց «Ոսկե ծիրան» փառատոնի մասնակից, Ատոմ Էգոյանի «Արարարտ» ֆիլմում նկարահանված դերասանուհի Արսինե Խանջյանին: Պարգևը շատ շռայլ էր` Մինաս Ավետիսյանի «Մերկ կինը» նկարը: Դերասանուհին այդպիսի վերաբերմունքից անակնկալի եկավ և հուզմունքից արտասվեց: «Ծնվելով Լիբանանում, հայեցի դաստիարակություն ստանալով, պարտավորված էի զգում: Եվ ապրելով Կանադայում, երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել հայկական արվեստում ներդրում ունենալու: Ինձ օգնել է իմ ժողովրդի ուժը: Այս պարգևը մեծ անակնկալ է և էլ ավելի է իմաստավորում իմ կյանքը, քանի որ այն համարում եմ իմ սիրելի ժողովրդից ստացած գնահատական»,-ասաց նա:

Tags: ,