Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի բաց նամակ-պատասխանը Ալվարդ Պետրոսյանին

Սարհատ Պետրոսյան

Հարգելի Տիկին Ալվարդ,
Այս գրության հեղինակը “մեծ-մեծ խոսող տղա” Սարհատ Պետրոսյանն է, ով միգուցե Ձեզ պետք է դիմեր ընկեր Ալվարդ դիմելաձևով, սակայն ճակատագրի բերումով այդ հնարավորությունը չունեմ։ Որպես երրորդ սերնդի դաշնակցական ընտանիքից սերվող մարդ,  ճակատագրի բերումով չշարունակեցի հորս պապի ու մորս հոր դաշնակցական ուղին, քանի որ  մասնագիտությունս   դարձավ իմ կուսակցությունն ու դաշնակցությունը։ Ցավում եմ, որ Դուք ինձ չեք ճանաչում, այն դեպքում,  երբ Ձեր վաղամեռիկ եղբայր Մելս Պետրոսյանը առաջին մարդկանցից էր,  ում ես տեսել եմ Հայաստանում։ Ցավում եմ, որ մի քանի օր է,  ինչ փորձում եմ հասկանալ, թե  Ձեր` «Առավոտ» կայքում հրապարակված “Անձնական պատասխանատվությամբ” հրապարակախոսական հոդվածում  ինչու եք հիշել ինձ: Թող սխալված լինեմ յուրաքանչյուրը պահը,  երբ մտածել եմ,  որ դա արել եք այլոց դրդմամբ։
Այս նամակում արդարանալու նպատակ չունեմ, քանի որ բոլորին պարզ է,  թե ինչու երիտասարդ ճարտարապետի կառուցած շենքերը տեսնելու համար “թաղ առ թաղ” պետք է փնտրեք, քանի որ, ինչպես ինքներդ եք գրել, “ճարտարապետությունը կրպակ չէ” ու պետք է ունենաս անցած ճանապարհ քաղաքի կենտրոնում շենքեր կառուցելու համար։ Իսկ եթե մասնագիտական գործունեությունդ համեմված է քաղաքացիական դիրքորոշման ազատ արտահայտմամբ,  ապա ավելին,  խոշորացույցով է պետք փնտրել կառուցվածները։

2000-ականներին,  երբ առաջին անգամ որպես մասնագետ իմ մի քանի գործընկերների հետ զգացինք, որ պետք է հանրայնացնել քաղաքաշինական խնդիրները,  Օպերայի հրապարակը դեռ տակավին  սրճարանապատված չէր: Անհամարձակ քայլերով տարիների ընթացքում տարբեր անձանց հետ դրանց մասին խոսեցինք,  ու միաժամանակ ես կայացա որպես մասնագետ։ Այդ ժամանակից ի վեր, օգտագործելով բոլոր հնարավորությունները, սերտեցի ճարտարապետության մաս կազմող քաղաքաշինություն կոչված գիտությունն ու այսօր պարզ ճակատով կարող եմ ասել, որ մեր կազմակերպությունը Հայաստանում քաղաքաշինական ուղղվածությամբ նորաստեղծ միակ գրասենյակն է։ Մենք առաջինը լինելով` Ձեր նշած Հյուսիսային պողոտայի վերաբերյալ լուրջ մասնագիտական գնահատական ներկայացրեցինք դեռևս երկու տարի առաջ,  անտեսելով պետական մանր չինովնիկ-ճարտարապետների էժանագին քայլերը,  ներկայացրեցրինք մեր դիրքորոշումը։ Այս տարի մենք հրավեր ստացանք արդեն միջազգային հարթակներում այն ներկայացնելու։ Այս ամենը չեմ ներկայացնում որպեսզի Ձեր “թաղ առ թաղ” փնտրտուքը դյուրինացնեմ, այս ամենը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է մեր կազմակերպության կայքում՝ urbanlab.am հասցեով։

Հենց մեր կայքում կարող եք գտնել նախորդ տարի մեր իրականացրած այն հետազոտության արդյունքները, որոնցում անդրադառնում ենք Ձեր բարձրացրած  հարցերից մեկին՝ հուշարձանին ներկայացվող չափանիշներին։ Եթե չեմ սխալվում,  2003-ին Դուք ԱԺ պատգամավոր էիք,  երբ կատարվում էին փոփոխություններ «Հուշարձանների մասին» մեր ազգային օրենքում, կամ 2004-ին,  երբ կառավարությունը հաստատում էր Երևանի հուշարձանների ցուցակը։ Այդ ժամանակ ես ու իմ գործընկերները բարձրաձայնում էինք ցուցակներից “պատահաբար” դուրս մնացած շինությունների մասին։ Ձեր և իմ պատկերացումները հուշարձանի վերաբերյալ տարբեր են, ես Երևանը չեմ համեմատում ոչ Թիֆլիսի, ոչ Բաքվի, ոչ էլ Փարիզի հետ։ Ես համեմատում եմ այն Երևանը, որ Դուք տեսել եք` Աբովյան փողոցում հոսող առվակները, Հյուսիսային պողոտայի տարածքում իմ տեսած պատմական միջավայրն ու հենց այսօր վտանգված Կոնդը։ Ձեզ հետ միասին ցավ եմ ապրում Նորքի անտառների համար (որտեղ անցել է իմ մանկության մի մասը) ճիշտ այնպես,  ինչպես ցավ եմ ապրում Կասկադի աջակողմյան  հատվածի կանաչ տարածքների համար։ Ցավում եմ  Մոսկվա կինոթատրոնի  ամառային դահլիճի համար, ճիշտ այնպես,  ինչպես ցավում եմ “պատահաբար” հուշարձանի կարգավիճակը կորցրած ու արդեն ոչնչացած Թերլեմեզյանի ուսումնարանի համար, որոնց կարևորությունը ոչ միայն իրենց ճարտարապետական արժեքի, այլև  իրենց ունեցած մշակութային անցյալի և էներգետիկայի մեջ էր։

Ցավում եմ  Զանգվի ձորի “լափանոց” դառնալու համար  ու խորհուրդ եմ տալիս մի քիչ հետ գնալ ու տեսնել` ովքեր են դրա քաղաքական ու քաղաքաշինական կնքահայրերը, հավատացնում եմ,  որ կգտնեք “հեռավոր բարեկամներ”։ Միգուցե Ձեր կարծիքով այս ամենում “հայաստանյան, երևանյան հոգեբանությունը” քիչ է, սակայն այն “մենթալ միջավայրում”,  որտեղ ես ու իմ ընկերները բարիկադներ էինք սարքում Բյուզանդի փողոցի փրկության համար, կամ մեկ շաբաթում 100-ի հասնող հերոս երիտասարդների հետ շուրջ 25.000 ստորագրություն հավաքում Ձեր կարծիքով “բետոնակույտ” ամառային դահլիճի պահպանության համար,  Երևանը թթվածին էր, իսկ արևը սերն էր երկրի ու քաղաքի հանդեպ…

Հարգելի Տիկին Ալվարդ,
Վստահ եմ, որ իմ ուսուցիչներից մեկը ու իր գործի մեծ գիտակ Արտակ Ղուլյանը առիթի դեպքում կներկայացնի իր դիրքորոշումն,  ու Ձեզ պարզ կլինի ճարտարապետական գործի արարման իր պատմությունը։ Հրապարակի մրցույթի վտանգների մասին շատերն են արտահայտվել, այդ թվում և նա… Ցավում եմ,  որ տնից հաճախ դուրս չեք գալիս, թե չէ մեծ սիրով Ձեզ տեղում  հատիկ առ հատիկ կներկայացնեի մեր ճարտարապետական գոհար Հանրապետության հրապարակի խնդիրները,  հատիկ առ հատիկ կներկայացնի ովքեր են մեղավորները։ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի շենքերի մասամբ հաջողված օրինակների կողքին ես կուզեի նշել նաև նախկին նահանգապետարանի շենքի` որպես պատմական կառույցի կորուստը, որտեղից ընթերցվել է մեր Առաջին Հանրապետության Անկախության հռչակագիրը։ Ես չեմ ուզում Ձեզ հարցնել ո՞ւր էիք Դուք այդ ժամանակ, կամ ո՞ւր էիք Օպերայի ու Օղակաձև այգու կանաչ տարածքների ավերման ժամանակ, այլ ուզում եմ հարցնել` ո՞ւր եք Դուք այսօր,  երբ նույն Զանգվի ձորում Ձեր նշած “լափանոցներից” մեկի տերը ավերում է Ծածկած շուկան: Երբ Լիլիթ Գալստյանի նման անձանուրաց մարդկանց հետ մենք փորձում ենք  այդ անբարոյականության դեմն առնել,  ոմանք դա էլ են վերագրում ինչ-ինչ անձնական խնդիրների։ Համարձակությունս հավաքում եմ ու ասում, որ Դուք այդ հոդվածում մասնագիտությանը հավատարիմ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող ճարտարապետների մասին նման կերպ արտահայտվելով`  անձնական պատասխանատվություն եք կրում`  մի անձնավորության համարձակություն ու ազատություն տալով ևս մեկ կամար կամ ևս մեկ քար քանդելու Ծածկած շուկայից։

Երբ մոտ մեկ շաբաթ առաջ մամուլից պատահաբար տեղեկացա ոստիկանությունում քննվող Երևանում տեղի ունեցած մշակութային ջարդարարության մեղավորների վերաբերյալ գործի մասին, իսկ դրանից մեկ օր առաջ դատարանը մերժեց իմ հայցն ընդդեմ մի “մտավորականի”,  ով բացահայտ սուտ ու վարկաբեկիչ արտահայտություններ էր արել իմ հասցեին (ով ի դեպ Երևանի վերջին տարիների այլանդակությունների համար 88-ին օպերայում միացում գոռացողներին է մեղադրում),  ենթադրում էի, որ սրանով իմ ու իմ գործընկերների նկատմամբ նոր հարձակումների ալիք է սկսվելու։ Բայց ամենևին ոչ այն կողմից, որում Դուք եք։ Դուք կարող էիք զանգել   ու հանդիպել  ինձ հետ` “պեղել-գտնելու” համար այն դառնությունն ու դժվարությունները,  որ կրել եմ այն բանից հետո,  երբ ուսանող ժամանակ Ձեր նշած Էջմիածնի, Երևանում գտնվող Աֆրիկյանների տան “ասեղնագործ պատշգամբներին” ոչ մի բանով չզիջող, աղյուսաշեն շենքերի քանդման հեղինակի  դեմքին ասել էի այդ մասին։ Սակայն ես արել եմ դա գիտակցված ու մի պահ անգամ չեմ վարանել, քանի որ հորս պապի, որքան և տարօրինակ է, Դաշնակացական-հոգևորականի ոգին ես զգում եմ նման պահերին։ Վստահ եմ որպես համարձակ մտավորական Դուք ևս շատ զրկանքներ եք կրել: Սակայն այն ստոր ու ճղճիմ մեթոդները, որոնցով  իմ ու անմիջական շրջապատիս դեմ են աշխատում մշակութային “վաստակավոր” գործիչները իրենց աղախիններով,  Դուք չեք կարող պատկերացնել անգամ։ Գիտե՞ք քանի անգամ եմ զրկվել ճարտարապետի համար ամենաբաղձալի ևս մեկ շենք կառուցելու հնարավորությունից  միայն ու միայն նրա համար, որ երբ որևէ մեկը ինձ դիմում է որպես մասնագետ,  ասում եմ այն,  ինչ մտածում եմ, քանի որ այլ կերպ չեմ կարող։

Հարգելի Տիկին Ալվարդ,
Մի քանի օրից Ձեր հոդվածից առանձին հատվածներ հանրային կապերի գծով նազիր վեզիրների կողմից տարածվելու է լուսահոգի Աղասի Այվազյանի ու Արթուր Մեսչյանի մի քանի ենթատեքստից կտրված մտքերի հետ մասին, ստվերելու համար իմ ու մի շարք ավելի փորձառու ավագ գործընկերների  հանրային գործունեությունը։ Դրանք համեմվելու են հերյուրանքներով ու մտացածին ստերով։ Միգուցե պակաս չափով կոփված լինելով հանրային դաշտում` երբեմն ինքս ինձ հետ զրուցում եմ ու հարց տալիս. լավ ինչքա՞ն այսպես, ինչքա՞ն պետք է իմ բան ու գործը թողած  անեմ այն, ինչ իմ գործը չէ… բայց հաճախ փողոցում ինձ մոտենում են մարդիկ ու ոգևորում, կամ տեսնում եմ աչքերը փայլող ապագա ճարտարապետների, ովքեր չեն հասկանում իրենց դասագրքերում կարդացածի ու իրական կյանքի տարբերությունը, Սանահինի, Օպերայի ու Շառլ Ազնավուրի տան (մեղա Աստված նման համեմատության համար) տրամաբանական կապը։

Խնդրում եմ Ձեզ, հիշեք Ծածկած շուկայի քարերն ու կամարները, ու եթե չեք միանում մեզ, ապա համարձակություն մի տվեք այն փոքրամասնությանը, որն իբր թե մեծամասնությանը թելադրում է ճաշակ ու զարգացում, բայց իրականում ստորացնում է մեծամասնությանը՝ ուզուպացնելով մեր քաղաքային ոչ գավառական հիշողությունը։

Հարգանքով Ձեր,
Սարհատ Պետրոսյան

Հ.Գ. Եվ վերջում մի խնդրանք-առաջարկ։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Ձեր “հեռավոր բարեկամ”,  “գործ անող” Նարեկ Սարգսյանին,  հարցրեք,  թե ինչպես է ձեռք բերել իր ներկա ունեցվածքն ու Հայաստանի ամենախոշոր ճարտարապետական ընկերություննեից մեկը ընդամենը մեկ տասնամյակում։ Կարծում եմ` այդժամ ամեն ինչ պարզ կլինի Ձեզ համար… Կասեք` նորից նույն երգն եմ երգում, սակայն իրավական Հայաստան ունենալու համար կարծում եմ յուրաքանչուրը պետք է կրի  անձնական պատասխանատվություն։

Tags: ,