Հուլիսի 9-ին, ի վերջո, կայացավ Պռոշյան համանքի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի տնօրենի արդեն 3-րդ ընտրությունը, սակայն այս անգամ էլ տնօրեն չընտրվեց բավարար ձայն չհավաքելու պատճառով: Իսկ քվորում ապահովել, չապահովելն էլ այստեղ հարաբերական է այնքանով, որ խորհրդի 8 անդամի փոխարեն մասնակցում էին 7-ը, որովհետև մեկ անդամն արդեն տնօրենի թեկնածու էր:
Ընտրությունը կայացավ. 4 թեկնածուներից երկուսը 0, իսկ երկուսը` 4 և 3 ձայն ստացան: Ձայն չստացած երկու թեկնածուներն էլ մայրաքաղաքից էին:
Ըստ ընտրության արդյունքների` երկու հիմնական թեկնածուները դպրոցի կադրեր են: Մեկը` 11 տարի դպրոցի տնօրեն աշխատած Դավիթ Դավթյանը, որ հունվարյան ընտրությանը 5 ձայն էր ստացել, բայց չէր հաստատվել: Իսկ մյուսը Ռուզաննա Վարդանյան էր, որ հուլիսի 9-ին կայացած ընտրության երկու փուլում էլ 3 ձայն է ստացել: Նույն դպրոցի շրջանավարտը 1990-ից մինչ օրս աշխատում է նույն դպրոցում` ֆիզիկա դասավանդելով: Իսկ վերջին երեք տարիներին, որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալն է: Նա նաև դպրոցի խորհրդի անդամ է: Ուստի տնօրենի ընտրությանը մասնակցելու պատճառով, օրենքի համաձայն և մարզպետի որոշմամբ կասեցվել է նրա անդամությունը: Այդ պատճառով էր, որ 8 անդամի փոխարեն ընտրությանը մասնեկցեցին 7-ը: Սակայն եթե օրենքը ասում է, որ ընտրությունը կայացած է համարվում այն դեպքում, երբ թեկնածուն ստանում է խորհրդի անդամների կեսից ավելի ձայն, ասել է թե` 8 անդամից 5 ձայն, ապա 7-ի դեպքում օրենքը որևէ ցուցում չունի: Խորհրդի 4 անդամների ձայները գնացին Դավիթ Դավթյանի, իսկ 3-ը` Ռուզաննա Վարդանյանի օգտին, նույն արդյունքը գրանցվեց նույն օրը կայացած երկրորդ ընտրության ժամանակ: Հետևաբար մրցույթը կայացված համարվեց, բայց վերջնարդյունքում դպրոցի տնօրեն այդպես էլ չընտրվեց, որովհետև 5 ձայն ստացող այդպես էլ չեղավ:
Չի բացառվում, որ հաջորդ ընտրության արդյունքը նույնպես այդպիսին լինի, որովհետև արդեն ակնհայտ են խորհրդի անդամների կողմնորոշումները: Ըստ խորհրդի նախագախ Արմեն Խաչատրյանի, եթե հաջորդ ընտրությանն էլ նույն արդյունքը գրանցվի ու այդպիսով տնօրեն չընտրվի, գործերն արդեն նախարարություն կուղարկվեն:
Իսկ արդեն չորրորդ ընտրության օրը նշանակված է` օգոստոսի 19-ին, հայտարարությունն էլ տրված է:
Իսկ այս մտահոգությունս, անշուշտ, չէր ծնվի, եթե Ռուզաննա Վարդանյանի հետ հանդիպումից օրեր անց «Անկախի» կայքում իմ նախորդ`«Տերով անտերություն» հոդվածի տակ չգտնեի նրա հետևյալ գրառումը. «Եթե ծախու չլինեիք, կփորձեիք զրուցել նաև այն մարդու հետ, ում անունը գրում եք Ձեր նյութում և իմ կողքով երկու անգամ անցաք հարցազրույցի օրը»:
Ի՞նչ է ստացվում. տիկին Արմինեի հետ հանդիպելու իմ ցանկությունը մերժվեց «ծախու լրագրողի» հետ չհանդիպելու պիտակավորմամբ, հիմա էլ այս տիկինն է նրա թելը թելում, թե` «կողքովս անցար ու հարցազրույց չունեցար: Փափկասուն տիկնայք, հայոց աշխարհի, գոնե գրեիք, թե ում եմ ծախվել:
Երկուսդ էլ, դպրոցի խորհրդի անդամ լինելով, ինձնից լավ գիտեք, որ այդ 13 տարվա ընթացքում մարզպետը դպրոցից ավելի շատ տարել է, քան տվել, այդքանով հանդերձ ինձ եք ծախված համարում… Հարգարժան տիկնայք, կարծում եմ` հասկացաք, թե առակս ինչ կուսուցանե, նաև, որ դպրոց եկա ոչ թե կուսակցական պատվեր կատարելու, այլ իմ անաչառ հրապարակումով ինչ-որ բան փոխելու, որն էլ, ասես, չուշացավ: Ամենևին հակված չեմ մտածելու, որ հունիսի 27-ին հրապարակած իմ հոդվածում արծարծված փաստերն այնպես բարիացրին մարզպետին, որ տարիների նիհրից արթնացավ ու հուլիսի 4-ին դպրոցին աչքալուսանք տվեց, թե 31 միլիոն դրամ է հատկացրել կոյուղու շինարարության և սանհանգույցների կապիտալ վերանորոգման համար: Կամ էլ հասկացավ, որ դասադուլով սկսվող նոր ուսումնական տարին իր վրա ավելի թանկ կնստի, քան այդ 31 միլոնը, որովհետև հոդվածում մտահոգություն էի հայտնել, որ նոր ուսումնական տարին դպրոցը կսկսի հին խնդիրներով, որին կգումարվի նաև դասադուլը, որովհետև շատ ծնողներ միակ ելքը համարում են իրենց երեխաներին սեպտեմբերի 1-ին դպրոց չուղարկելը, որպեսզի իշխանությունը խելքի գա:
Իսկ իշխանությունը, թեև ուշացումով, բայց խելքի եկավ ու տարիների թնջուկը մի շնչով գլուխ բերեց: Թեև կառավարման խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը հավատացած է, որ բնակիչների ստորագրությամբ նախագահին ուղղված բողոք-դիմումները, ի վերջո, նպատակին ծառայեցին, բայց հավատացած եմ, որ գործը նախագահին չհասավ, այլ խնդիրը լուծվեց մարզպետարանի ջանքերով:
«Առանց մրցույթի (տենդեր)` գումարը տրամադրվել է «Եղվարդշինին», որպեսզի հարցը շտապ կարգավորվի: Դա էլ վստահեցրեց Խաչատրյանը: Իհարկե, չի բացառվում նաև, որ դա նոր հանրապետական գյուղապետի մատաղացուն լինի…
Ինչ էլ լինի, լավ է, որ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցը, ի վերջո, նորմալ դպրոց կլինի:
Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ
Tags: ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, քաղաքական