Երևանի քաղաքապետարանում բողոքներ լսելու ժամանակ չունեն, բողոքավոր քաղաքացիներից էլ ցնցուղներով են պաշտպանվում

ոչ 150 դրամին

Այսօր Հայազն կուսակցության ներկայացուցիչները և մոտ 100 քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ իրենց դժգոհությունն արտահայտեցին Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Բողոքի ակցիայի մասին հայտարարվել էր նախապես: Երբ ժամը 16-ին բողոքավոր քաղաքացիները հավաքվեցին քաղաքապետարանի մոտ, քաղաքապետարանի դիմացն արդեն լեցուն էր ոստիկաններով: Նրանք թույլ չտվեցին, որ հավաքված մարդիկ մոտենան քաղաքապետարանի մուտքին`շենքի անկյունից առաջ անցնել արգելվեց: Պատճառաբանությունն այն էր, որ ցուցարարները խանգարում են քաղաքապետարանի աշխատանքային առօրյան: Կանաչ տարածքների վրա էլ ոռոգման ջուրն էին միացրել, բայց այնքան ուժեղ, որ ցնցուղի տակ էր նաև մայթը: Ցուցարարները ստիպված մոտ 30 րոպե կանգնած էին մայթին առաջացած  ՛՛լճակի՛՛ մեջ`արհեստական անձրևի տակ:

Ապա  բարձրաձայն հնչեցվեց պահանջագիր-նամակը, որը հետագայում պետք է հանձնվեր քաղաքապետարանին: Սակայն որևէ մեկը այդպես էլ դուրս չեկավ`նամակը վերցնելու: Նամակը հանձնեվց ոստիկաններին, որոնք վստահեցրեցին, որ նամակը չի կորչի և տեղ կհասնի:

Պահանջագիրը հետևյալն է.

՛՛Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:
Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում՛՛:

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Տարածքային կառավարության նախարարություն, ապա Կառավարության շենք, քանի որ առանց այս երկու կառույցների համաձայնության և իմացության տրանսպորտի սակագինը 50 տոկոսով թանկացնելու որոշում չէր  կարող ընդունվել:

Ակտիվիստները  ճանապարհին հանդիպած քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ և  տրանսպորտով երթևեկության համար վճարել 100 դրամ:

Tags: ,