ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԻ «…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»

The_Ottoman_Bank_TodayՀարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:

 Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների կողմից: Գործողության կազմակերպիչները ՀՅԴ անվանի գործիչներ, հայ ազատամարտի նվիրյալներ Արմեն Գարոն և Բաբկեն Սյունին էին: Ուսումնասիրողներից շատերը Բանկ Օտոմանի գործողությունը համարում են սխալ` մտածելով, որ այն Արևմտյան Հայաստանում հայերի նոր կոտորածների առիթ դարձավ: Այս տեսակետը հնարավոր չէ  արդարացի համարել, քանզի արդեն 1895 թ. Արևմտյան Հայաստանում սոսկալի ջարդեր էին: Եվ առհասարակ պատմությունը ցույց է տալիս, որ օսմանյան կառավարության համար հայերին կոտորելու  համար առանձնապես առիթներ պետք չէին: Դա նպատակադրված պետական ծրագիր էր, որ թուրք սուլթաններն իրականացնում էին ջանադրաբար: Հետևաբար հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Արտաքին ակնկալվող ազդեցությունից զատ, ՀՅԴ-ի որդեգրած այդ քաղաքականությունը նաև ներքին խնդիր ուներ` բարձրացնել հայի ազատատենչ ոգին:

Դեռևս 1895 թ. Ռուսաստանի և եվրոպական տերությունների ճնշման տակ Օսմանյան կառավարությունն ընդունեց մայիսյան բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսված էր ողջ Օսմանյան կայսրության տարածքում, հատկապես` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունքը պետք է լիներ ազգային ճնշումների դադարեցումը, տեղական կառավարման մարմիններում տեղաբնակների ներգրավումը, տնտեսական բարեփոխումները և այլն:

Սակայն թուրքական կառավարությունն ամենևին մտադիր չէր կյանքի կոչել Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, ավելին` 1895 թ. Արևմտյան Հայաստանում հետևեցին նոր կոտորածներ, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար հայ:

Եվ ահա ՀՅԴ որոշմամբ` 1896 թ. օգոստոսի 14-ին 31 հայ զինյալներ, որոնց թվում`  Վարդան Շահպազը (Մինաս Տոնիկյան), Ավոն (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյանը, Մուշեղը (Ենովք Անուշյան), Հաճին (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), Հրաչը (Հայկ Թիրաքյան), Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի ղեկավարությամբ Կոստանդնուպոլսի կենտրոնում գրավում են օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը և պատանդ վերցնում բանկի 150 աշխատակիցների: Հայ զինյալներն այս քայլով փորձում էին օտարերկրյա տերությունների ուշադրությունը բևեռել Հայկական հարցի վրա և ճնշում գործադրել Օսմանյան պետության վրա` կյանքի կոչելու Մայիսյան բարեփոխումների ծրագիրը:

Հայ վրիժառուները նախապես որոշել էին, որ բանկի գրավման օրը միաժամանակ մի քանի այլ գործողություններ էլ իրականացնեն Կոստանդնուպոլսի տարբեր հաստատություններում, սակայն վերջին պահին այդ պլանը մերժվում է:

Բանկը գրավելով` հայ զինյալները հայտագրեր ուղղեցին Կոստանդնուպոլսում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին` կոչ անելով ճնշում գործադրել Պոլսի կառավարության վրա` հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը:

Հայ վրիժառուների հետ օսմանյան կառավարության և եվրոպական դիվանագետների անունից բանակցությունների մեջ է մտնում ռուսական դեսպանատան թարգմանիչ Մաքսիմովը:

Հետագայում Բանկ Օտոմանի գործողության վերաբերյալ իր հուշերն է տպագրել նրա առաջնորդներից Արմեն Գարոն. «Կը բաւեր, որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք… թուրք զօրքին եւ խուժանին դէմ… եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:

Գրվածը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ նախքան գործողությունը  կազմակերպիչները որոշ խոստումներ ու հավաստիացումներ էին ստացել եվրոպական կամ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Նույն նոթերում Արմեն Գարոն գրում է. «Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»: Նենգ Եվրոպան ըստ երևույթին հերթական անգամ օգտագործեց հայ ազատագրական շարժումը, հայի արյունը իր տնտեսական, դիվանագիտական նպատակների համար` միգուցե ինչ-որ զիջումներ խլելով Թուրքիայից:

Շուրջ 13 ժամ տևած բանակցությունների արդյունքում զինյալները և Մաքսիմովը գալիս են համաձայնության, ըստ որի` եվրոպական դիվանագետները պարտավորվում են հետամուտ լինել, որ օսմանյան կառավարությունը իրագործի Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, իսկ վրիժառուներն իրենց տրամադրված ֆրանսիական «Ժիրտ» նավով մեկնում են Մարսել:

Օսմանյան բանկի գրոհի ժամանակ հայ վրիժառուներից զոհվում են Բաբկեն Սյունին և մի քանի այլ զինյալներ:

Այս գործողությունը ծանր հարված էր Օսմանյան Թուրքիայի միջազգային հեղինակությանը և բարոյականից զատ ուներ նաև տնտեսական նշանակություն, քանզի եվրոպական տերությունները մեծ ներդրումներ էին կատարում օսմանյան տերության մեջ և հետայսու նրանք անվստահությամբ կվերաբերվեին օսմանյան դրամատանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Tags: ,