Պետական նպաստի ի՞նչ տեսակներ կան

նպաստՆախ պետք է նշել, որ հիշյալ հարաբերությունը կարգավորվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 2-րդ հոդվածում նշված է պետական նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը, ըստ որի` պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` հիշյալ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հարկ է նշել, որ պետական նպաստը պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնություն է: Պետական նպաստների տրամադրման նպատակն է աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաև ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամտի մասնակի հատուցումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը:

Օրենքի համաձայն` պետական նպաստների տեսակներն են՝

ա) ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը,

բ) երեխայի խնամքի նպաստը,

գ) երեխայի ծննդյան միանվագ նպաստը,

դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ:

Պետական նպաստը մերժվում է՝

ա) պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

բ) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,

գ) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերում:

Իսկ ինչ վերաբերում է պետական նպաստների վճարմանը, ապա դա իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կամ վճարող կազմակերպության մեղքով չվճարված պետական նպաստը քաղաքացուն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել երեք տարի:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tags: ,