Գյումրիում ազատամարտիկները նստացույց են անում

IMG_0749Արդեն երկրորդ օրն է Գյումրիի թատերական հրապարակում ազատամարտիկները նստացույց են անում: Նրանց միացել են տասնյակ ազատամարտիկներ ու հասարակական կազմակերպություններ, անհատներ, մոտ 100 մարդ:

IMG_0756Նման ակցիաներ կկազմակերպվեն նաև մյուս մարզերում, իսկ Գյումրիում նստացույցը կտևի մինչև հուլիսի 28-ը: Նստացույցերի նպատակն այն է, որ ազատամարտիկները դուրս գան, պայքարեն իրենց արժանապատվության համար:
“Այստեղ քաղաքական գործոն չկա, սա սոցիալական պրոբլեմների, արժանապատիվ ապրելու համար է: Մարդիկ համախոհ են, սատարում են, կամաց-կամաց տներից գալիս են”, – ասում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով այս օրերին մասնակցում է Գյումրիի նստացույցերին: Ստեղծվել է մատյան, որտեղ ցանկացողներն իրենց աջակցությունն ու սրտի խոսքն են հայտնում ազատամարտիկներին, որմանք էլ քարկոծում են կառավարությանը` ազատամարտիկներին այս օրին հասցնելու համար:
Միթե վարչապետի հետ հանդիպումները ոչինչ չփոխեցին ազատամարտիկների կյանքում, մեր հարցին գնդապետը նշեց. “Վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ ֆինանսական ոչ մի հարց չի լուծվել, միայն երկու հարց, որ այն գերատեսչական մարմինները, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերելու ազատամարտիկներին, պրոբլեմներ էին ստեղծում, վարչապետը խնդիր է դրել` նորմալ ընդունեն ազատամարտիկներին, նրանց պահանջները կատարեն: Հաջորդը` ստեղծեն հանձնաժողով, որպեսզի ստուգեն իսկական ազատամարտիկին և նրան, որ սուտ գրանցվել է, փաստաթուղթ ունի: Որպեսզի ազատամարտիկների թոշակներն իսկական տերերին հասնեն: Սա է եղել ընդամենը, որը մեզ չի գոհացրել, դրա համար մենք մեր ակցիան շարունակում ենք”:
Անդրադառնալով վերջերս ԱԺ-ում “Երկրապահ կամավորների” մասին օրենքի ընդունմանը, որը, ըստ Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկին որևէ օգուտ չի տալիս, ասում է. “Եթե ազատամարտիկի վերաբերյալ օրենք է ընդունվում, պետք է լինի առավելությունները, ինչ իրավունքներ ունեն: Այդ օրենքով որևէ իրավունք չի տալիս, ուղղակի ասվում է, եթե ազատամարտիկը փաստաթուղթ չունի` ինչպես կարող է հանել, կարգը: Մենք դրա դեմ բողոքարկել ենք. անվանումն էլ պիտի փոխվի, անունն ասոցացվել է երկրապահ կամավորական միության հետ: Մենք առաջարկում ենք` թող լինի “Պատերազմի կամավոր մասնակիցների մասին օրենք” և այնտեղ պետք է տարանջատվի երեք կարգի պատերազմի մասնակից. կան կամավորական ազատամարտիկներ, որոնց համար պահանջում ենք աշխատավարձի մինիմալ, օրինակ 50.000 դրամի չափով, նշանակում: Կան եռամսյա հավաքի պատերազմի մասնակիցներ, և կան պրոֆեսիոնալ բանակի պատերազմի մասնակիցներ: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր առավելություններն ու հասկացողությունները, որպեսզի արդար լինի”, – ասում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
“Մենք միշտ էլ միացած ենք եղել պայքարին, – ասում է գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը` ինչու եք որոշել մասնակցել ակցիային հարցին ի պատասխան: – Նույն սոցիալական պայմանները նաև Գյումրիում են, որովհետև անտեսված ենք, թոշակներն են ցածր: Իսկ բժշկական տեսակետից էլ, այն դեղորայքը, որն անհրաժեշտ է ազատամարտիկին` դրանք չկան պետպատվերի ցուցակների մեջ, թանկ են: Ես չեմ ասում մեզ փող տան, օգնեն, չէ, մեզ մեր հասանելիքը թող տան: Ամբողջ Հայաստանում, ազատամարտիկն անտեսված է իր հայրենիքի մեջ, և մեր բողոքը միայն սոցիալական պրոբլեմների մասին է, որը, ինձ թվում է, հաղթած զինվորն իրավունք ունի պահանջելու: Սա նույնիսկ ամոթ է մեր պետության համար. զինվորը չպետք է պահանջի, այլ պետությունը պարտավոր է ապահովել: Ինչու պիտի ազատամարտիկը ստիպված հասնի Ռուսաստան, փորձանքի գա ու այդպես վարկաբեկվի, – վրդովվում է ազատամարտիկն ու ակնարկում Հրաչյա Հարությունյանին Մոսվկայում դատելու փաստը: – Ինքնասիրության այդ նվաստացումը նաև մերն է, ես ինձ էլ եմ վերագրում դա: Ճիշտ է, ցավակցում եմ այդ 18 զոհերի ընտանիքին, բայց դա դիտավորյալ սպանություն չէ: Մեր օմբուսմենը մի քանի օր հետո գնաց Մոսկվա, բայց հենց առաջին րոպեին պիտի գնար, հենց սկզբից պիտի տեր կանգնեին: Ես ուզում եմ իմ պետությունը հասկանա, որ ազատամարտիկի ու ընդհանրապես մեր ժողովրդի համար մե’ր երկրում պիտի ստեղծվեն աշխատատեղեր”, – եզրափակում է Մկրտիչ Բաղդասարյանը:
Այսօր ազատամարտիկներին սատարելու էին եկել նաև գյումրեցի երիտասարդ ակտիվիստները, ովքեր ազատամարտիկների հետ խոսք ու զրույցից հետո պաստառներով շրջեցին քաղաքում: Ի դեպ, երիտասարդների երթը Գյումրիի քաղաքապետարանի մոտ հասավ հենց այն պահին, երբ քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս էր գալիս: Երիտասարդները վանկարկում էին “Արժանապատիվ կենսաթոշակ ազատամարտիկին”, ինչին քաղաքապետը մեքենա նստելով արձագանքեց` “Համամիտ եմ”:

Tags: ,