Շիրակում առատ բերք է սպասվում, եթե անձրևները չխանգարեն

coren“2013 թվականը Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքի մասով լավ ցուցանիշերով փակված տարի է: Նախորդ տարիների հետ համեմատ 3500 հա ավել ցանք է կատարվել մարզում, որից միայն հացահատիկ` 2500 հա: Մենք այս տարի սպասում ենք շատ առատ բերք մարզի բոլոր տարածաշրջաններում”, – ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Մարզում հացահատիկի մշակության համար բարենպաստ եղանակային պայմաններ են եղել, ինչն էլ առատ բերք է խոստանում: Արդեն որոշ համայնքներում մեկնարկել է անգամ բերքահավաքի գործընթացը, միայն վարչության պետը համայնքների ղեկավարներին կոչ է անում` ամեն ինչ անել այս բերքառատ տարին հաջողությամբ փակելու համար. “Մարզի շուրջ 218 հացահատիկահավաք կոմբայնների միջոցով մենք կարողանում ենք ամեն համայնքում, եթե անձրևները չխանգարեն, մոտ 10 օրից ավարտել բերքահավաքը: Չնայած հիդրոմեդ ծառայությունից տեղեկացրել են, որ այս օրերին տեղումներ են լինելու, բայց համայնքապետերի միջոցով կարելի է այնպես կազմակերպել, որ գիշերը ցերեկ անելով բերքահավաքի ընթացքն ապահովվի: Եթե կարողանանք բերքահավաքն անթերի կազմակերպել, մարզն այս տարի ունենալու է 130 հազար տոննա հացահատիկային մշակաբույսերի համախառն բերք: Նման բան Շիրակի մարզում չի եղել: Այսինքն, 40 հազար տոննա ավել բերք ենք ակնկալում: Այստեղ շատ բան կախված է համայնքի ղեկավարից, որպեսզի հետևի, ժամանակին կազմակերպվեն աշխատանքները”:

Շիրակում անձրևներն արդեն ամենօրյա են դարձել. այս ընթացքում մի շարք համայնքներ հացքաղ իրականացրել են, մյուսները կսպասեն անձրևների դադարին:
Մարզում շարունակվում է իրականացվել նաև սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիրը: Վարչության պետը համայնքների ղեկավարներին ու ֆերմերներին հիշեցնում է. “2011թ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների վերադարձը` 1 կգ 160 դրամով, շատ համայնքներում թերացել են վճարել:Եվ այս տարի պետք է հավաքեք ոչ միայն 2012թ. հետվերադարձը, այլև 2011թ. մնացած 54 մլն-ը”:
Մովսես Մանուկյանը նաև ուրախությամբ փաստում է. Շիրակի մարզում առաջին անգամ ցանվել է սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Այն միշտ ցանվել է ՌԴ-ում: “Մենք հիմա Շիրակի մարզում ունենք 3 խոշոր ֆերմերային տնտեսություններ` Հացիկ, Ախուրյան, Կառնուտ համայնքներում, որոնք արտադրելու են սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Հավատացնում եմ, ամեն մի տնտեսության մոտ բերքը տատանվում է 70-80 ցենտների սահմանում”:
Ինչպես առաջին վերարտադրության և էլիտար ցորենի սերմացուի, այստեսակի ցանքերից նույնպես ստացվածը բերքը տրամադրվելու է մյուս համայնքներին` 7 և ավել հա հողակտոր ունեցող ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին:

Tags: