Թրանսփարենսի ինթերնեշնլը Տարոն Մարգարյանի հարցով դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Տարոն ՄարգարյանԵլնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության և հրապարակման, ինչպես նաև բարձրաuտիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտման գործառույթներից՝ համաձայն«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (հոդված 43) և էթիկայի հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դրույթից (հոդված 44), Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`
1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ,
2. համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել,
3. ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.
-ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,
-ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո (http://hetq.am կամ http://www.ilur.am): Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ը ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ և 42.1-րդ հոդվածներով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը` դիմել է քաղաքապետին խնդրելով տրամադրել
1. Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների,
2. ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը,
3. ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները:

Tags: ,