“Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով  մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ  քայլեր են ձեռնարկվելու մարզադպրոցի սահադաշտը սառցույցի շերտով ապահովելու  ուղղությամբ: Ըստ այդմ  նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակից գեներատորներ, որոնք և՛ էներգախնայող են, և՛ առավել արդյունավետ: Կանցկացվի նաև սառեցման համակարգի նոր խողովակաշար:

“Վերջին 20 տարիներին պարբերաբար փորձ արվել է պահպանել և թարմացնել գեղասահքի այս դպրոցը, սակայն առանց սառույցի որևէ քայլ չի կարող արդյունավետ լինել, ուստի այսօր քայլեր են  ձեռնարկվում նախ սառույցը վերականգնելու ուղղությամբ: Միայն ձմեռային պայմանները բավարար չեն գեղասահքի վիճակը բարելավելու համար,  մարզիկներին ամենօրյա պարապմունքներ են հարկավոր: Ի թիվս երևանցիների կողմից սպասված այլ նախաձեռնությունների, մարզադպրոցի վերականգնումը ևս Երևանի քաղաքապետարանի նվերը կլինի գեղասահքով բոլոր հետաքրքրվողներին”,- նշել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքի ամառային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից  31-ն անցկացվելիք “Երևանյան ամառ”ծրագրի շրջանակում: Միջոցառումներ են նախատեսված Կարապի լճին հարակից տարածքում,  Ջրաշխարհում, Կենդանաբանական այգում, ինչպես նաև վարչական շրջանների հրապարակներում և բակային տարածքներում: Հատուկ, երկարացված ժամանակացույցով կաշխատեն նաև երևանյան թանգարանները:

“Սովորաբար կարծիք կա, որ ամռանը Երևան քաղաքում պասիվ շրջան է, որովհետև շատերը մեկնում են հանգստի, սակայն պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ,  այդ թվում՝ սփյուռքահայեր են արտերկրից ժամանում: Ցավոք,  այդ շրջանում ոչ բոլոր մշակութային օջախներն են գործում: Հենց այդ բացը լրացնելուն են   միտված մեր ծրագրերը: Այս միջոցառումներին կմասնակցեն նաև մի շարք մասնավոր ընկերություններ, որոնք, իրավամբ, հետաքրքրված են Երևան քաղաքի մարզամշակութային կյանքով”, – ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: