Ովքե՞ր են համարվում գույքահարկ վճարողներ

գույքահարկ«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:

Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Իսկ հիշյալ օրենքի 4 հոդվածում թվարկվում են գույքահարկով հարկվող օբյեկտների ցանկը: Դրանք են`

1. շենքերը և շինությունները`

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը,

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը,

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը,

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը,

6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

2. Փոխադրամիջոցները, այդ թվում`

1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.

2) ջրային փոխադրամիջոցը.

3) ձյունագնացը.

4) մոտոամենագնացը (քվադրոցիկլը).

5) մոտոցիկլետը:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ