Շիրակը թրաֆիքինգի թիրախային մարզ

IMG_0871“Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցացիայի ”Գյումրիում հրավիրված թրաֆիքինգը լուսաբանելու հմտությունների մասին սեմինարի ժամանակ փորձագետը ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ:

Մարդկանց թրաֆիքինգի լուրջ ուսումնասիրությունները սկսվել են 2000 թվականից` երբ ՄԱԿ-ն ընդունել է անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվեցիան և նրան կից արձանագրությունները:
Մարդկանց թրաֆիքինգի հարցերով փորձագետ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը թրաֆիքինգը համարում է մարդու բոլոր իրավունքների խախտում:
“Եվրոպայի խորհրդի կոնվեցիան նախատեսեց ներքին թրաֆիքինգ եզրույթը, որի պարագայում այդ պետության քաղաքացին կարող է դառնալ թրաֆիքինգի զոհ անգամ պետության սահմանների ներսում: Այդպիսի դեպքեր մենք սկսեցինք ունենալ 2008 թվականից: Ընդ որում, ցավոք, երեխաների հետ կապված. երբ մարզերից երեխաները բերվում էին Երևան քաղաք և ենթարկվում էին սեռական շահագործման: Նույնը մուրացկանության շահագործման պարագայում: Ներկա դրությամբ մենք ունենք նաև մեծահասակների ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ անձիք, ովքեր գտնվում են ծանր սոցիալական վիճակում, կամ ինչ-որ այլ խոցելիություն ունեն, նրանք դառնում են թրաֆիքինգի զոհ Հայաստանի Հանրապետության ներսում”, – նշում է փորձագետը:
Իսկ արտաքին առումով Հայաստանը համարվում է ելքի երկիր, որտեղից հավաքագրում են անձանց և տեղափոխում այլ երկրներ` շահագործման նպատակով: Որպես նպատակակետ երկիր Հայաստանի համար հանդես են գալիս` սեռական շահագործման տեսանկյունից Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան, իսկ աշխատանքային շահագործման տեսանկյունից ՌԴ-ն և Թուրքիան, օրգան-հյուսվածքներ վերցնելու տեսանկյունից` Շրի-Լանկան: Որպես կանոն հայերի մոտ սեռական շահագործման են ենթարկվում կանայք, աշխատանքային` տղամարդիկ, մեծամասամբ:
“Ընդամենը երեք դեպք է եղել, երբ դրսից են մարդիկ բերվել այստեղ`շահագործման նպատակով: Դրանք են. 2005-2006թթ. Ուկրաինայի քաղաքացիների շահագործում է եղել, երբ այստեղ կանանց են բերել իբրև մերկապարուհի աշխատելու համար, բայց ներգրավվել էին պոռնկական ծառայություն մատուցելու մեջ, Ուզբեկստանի քաղաքացիներ էին բերվել, և 2008-10թթ. ՌԴ երկու քաղաքացի այստեղ բերել էին 24 կին` իբրև պարուհի աշխատելու, այնուհետև այդ պարը վերածվել էր մերկապարի և սեռական շահագործման այլ ձևերի ու աշխատանքային շահագործման մեջ էին ներգրավվել”- մանրամասնում է Դավիթ Թովմասյանը:
Ըստ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների, 2009 թվականին Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ` թրաֆիքինգի առումով. 2010թ.` 13, 2011թ.` 16, 2012թ.` 19 քրեական գործ: Բայց սա չի նշանակում, թե նույնքան էլ դեպք է գրանցվել. կարող է մեկ քրեական գործի շրջանակներում լինել մի քանի դեպք:
Բանախոսը թրաֆիքինգի մարզային տարաբաժանում կատարել դժվարացավ, քանի որ դեպքերի մեծ մասում մարդկանց մարզերից տեղափոխում են Երևան, այնտեղից` արտերկիր: “Մարզերում այդքան շատ դեպքեր չեն իրականացվում, որքան այդ մարզերի բնակիչներին տարբեր պատրվակներով բերում են Երևան և Երևանում է իրականցվում դեպքը: Օրինակ, Շիրակի մարզը բավականին թիրախային է ինչպես սեռական շահագործման տեսանկյունից, այնպես էլ` աշխատանքային: Սեռական շահագործման պայմանում նպատակակետ երկրներ հանդիսացել են և Թուրքիան, և ԱՄԷ-ն, և նաև դեպքեր են եղել, երբ ներքին թրաֆիքինգ են իրականցրել, այսինքն, այդ կինը շահագործվել է Երևան քաղաքում”, – ասում է բանախոս Դավիթ Թովմասյանը:
“Հայաստանում երեխաների թրաֆիքինգը հիմականում ներքին է իրականացվում, ունենք ընդամենը երեք դեպք, երբ երեխաներին դուրս են հանել. մեկը ՌԴ, մեկը Թուրքիա, մեկ էլ ԱՄԷ` սեռական շահագործման նպատակով”, – շարունակում է ԵԱՀԿ ավագ իրավախորհրդատուն:
Մարդու օրգանների թրաֆիքինգի առումով Հայաստանում գրանցվել է 1 դեպք, որից եղել է 6 զոհ:

Tags: