Նախատեսվում է գետնախնձորի արտադրանքն ամբողջությամբ արտահանել
Նախորդ համարում անդրադարձել էինք, որ գետնախնձորի արտադրությունը Հայաստանում բավական հեռանկարային կարող է լինել: Մասնագետներն ու ոլորտի պատասխանատուներն արդեն ընդգրկված են այդ մշակաբույսի արտադրության և բազմացման գյուղատնտեսական աշխատանքներում: Արդեն խոսել ենք այդ մշակաբույսի օգտակարության և նրանից ստացվող այլ նյութերի ու բաղադրությունների մասին, որոնց կիրառումը լինելու է բազմոլորտ ու տարատեսակ: Պետությունը ևս պատրաստ է աջակցելու մասնավոր հատվածին, որպեսզի գյուղատնտեսական նշանակության այս կարևորագույն ծրագիրը կյանքի կոչվի: Հաշվի առնելով, որ գետնախնձորի մշակաբույսի արտադրությունը շատ քիչ երկրներում է զարգացած, ուստի պետությունը նպատակադրված է, այս առումով, որպես հետաքրքիր տարածաշրջան, նոր ներդրողներ ներգրավել:
Շուրջ մեկ ամիս առաջ այս նպատակով կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը գումար է տրամադրել միջազգային մամուլում հայտեր ներկայացնելու համար: Նախարարությունից տեղեկացանք, որ նրանց հանձնարարվել է ապահովել ներդրումային գործընթացը, հայտարարել մրցույթ, ամփոփել առաջարկները և իրականացնել կազմակերպչական աշխատանքներ: Նշենք, որ արդեն իրատեսական է երկրի ներսում ինուլինի արտադրություն սկսելը և նրա լայնածավալ արտահանմամբ զբաղվելը:
Նշենք, որ ծրագրով հետաքրքրված է Չինաստանը, որտեղ գետնախնձորի արտադրությունը զարգացման բավական լուրջ հիմքերի վրա է: Առաջին լուրջ ներդրողը լինելու է հենց չինական կողմը: Համատեղ գործարանի ստեղծումը կլինի նախագծի կարևորագույն բաղկացուցիչը, որի միջոցով գետնախնձորի խորքային մշակումից կստացվեն ֆրուկտոզ՝ պտղաշաքար, ինուլին, պեկտին և բիոէթանոլ, կենսագազ, կենսահումուս և այլն: Ինչքանո՞վ իրատեսական կլինի ծրագրի այս հատվածի իրականացումը, և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում համատեղ գործարանի կառուցման ուղղությամբ, զրուցեցինք «Գյուղկորպորացիա» ՓԲԸ տնօրեն Վահան Շիրխանյանի հետ:
- Պարո՛ն Շիրխանյան, ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ գործարան այնուամենայնիվ կհիմնվի:
- Գետնախնձորի արտադրությունը և՛ շահութաբեր է, և՛ հեռանկարային, որի իրականացումը կարող է քարշակ դառնալ ողջ գյուղատնտեսության համար` որոշակիորեն բարձրացնելով երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման աստիճանը:
Երկրի ներսում ունենալով ինուլինի արտադրություն` կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանան հարկային մուտքերը, իրացման արդյունքում կավելանա առևտրաշրջանառությունը, իսկ ներքին շուկայում ինուլինի սպառումը որոշակիորեն կանդրադառնա այդ հումքով պատրաստված դեղատեսակների ինքնարժեքի սահմանման վրա:
Եկող տարվա աշնանն իրատեսական կդառնա ինուլինի գործարանի հիմնումը, ինչը նախապես ծրագրված է: Այն նոր շարժիչ ուժ է հաղորդելու ագրոարդյունաբերության զարգացմանը, և Հայաստանը դառնալու է տարածաշրջանում առաջին երկիրը, որը վերամշակելու և ստանալու է ինուլին, բիոէթանոլ, որը, կարծում եմ, կլինի այս դարի նորագույն վառելիքը՝ բենզինը: Երկու տարի հետո անհրաժեշտ ցանքատարածություններն ապահովելուց հետո գործարանը հնարավոր կլինի հումքով ապահովել: Իսկ առայժմ, նույնիսկ բարձր գների առաջարկի դեպքում, բերքը չի վաճառվելու:
- Այսինքն՝ տեղական շուկայում սպառումը կլինի փոքրածավալ, իսկ ինչպե՞ս է իրականացվելու արտահանումը, կա՞ն արդեն համապատասխան շուկաներ տոննաներով բերքի իրացման համար:
- Արտադրանքը հիմնականում ուղղված է լինելու արտահանմանը, և առաջին հինգ տարիների ընթացքում, ըստ ձեռք բերված համաձայնության, Չինաստանն է ամբողջությամբ իրացնելու արտադրանքը: Ծրագիրը բավական խոշոր է և արդյունավետ իրականացվելու պարագայում կարող է գյուղատնտեսությանը և գյուղերի ամրապնդման հարցում մեծ դեր ունենալ: Արտադրանքի սպառման խնդիր չի լինելու: Հողերը, որոնց վրա աճեցնում են գետնախնձորը, երկու տասնամյակ չեն մշակվել: Մենք ոչինչ չկորցնելով՝ միայն շահում ենք, վերադարձնում ենք գյուղատնտեսության մեջ շրջանառվող հողեր, ստեղծում ենք արտահանման ենթակա արտադրանք, ստեղծում ենք աշխատատեղեր:
- Որտե՞ղ է նախատեսվում ստեղծել գործարանը, այն նո՞ր, թե՞ հին հենքի վրա է կառուցվելու և, մոտավոր հաշվարկով, որքա՞ն զբաղվածություն է ապահովելու:
- Ինչ վերաբերում է գործարանի ստեղծմանը, ապա գյուղատնտեսության ոլորտում այս ծրագիրը կապահովի նաև զբաղվածություն, որի շնորհիվ աշխատանք կունենա մոտ 1800 մարդ, 300-ը` գործարանում: Այնտեղ տարեկան կվերամշակվի շուրջ 45 հազար տոննա գետնախնձոր և կապահովի 3-4 հազար տոննա բարձրարժեք արտադրանք, ինչը, ինչպես նշեցի, արդեն, հիմնականում արտահանվելու է՝ իհարկե ապահովելով նաև ներքին պահանջարկը:
Հավելեմ, որ գործարանը նախատեսվում է հիմնել Գագարինում, որտեղ պահպանված են տրանսպորտային և այլ ենթակառուցվածքները: Եվ առհասարակ, արժե նշել, որ ճանաչված և բարձրակարգ մասնագետների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները վկայում են, որ գետնախնձորը մինչև վերջերս, հիրավի, մոռացության էր մատնված:
- Բացի վերը նշվածից, ուրիշ ի՞նչ ուղղությամբ է կիրառվելու գետնախնձորից ստացված արտադրանքը:
- Արդեն ստացել ենք բավական լուրջ առաջարկներ մոտ 32 տեսակ սննդամթերքում այս մշակաբույսը կիրառելու և ներքին շուկայում սպառելու համար: Ինուլինի պարբերական կիրառումը օրգանիզմում կարգավորում է շաքարի պարունակությունը և նվազեցնում շաքարախտով հիվանդանալու վտանգը:
Տեղական արտադրանքը կվաճառվի ներմուծվող ինուլինից ավելի էժան և կլինի էկոլոգիապես ավելի մաքուր: Ինուլինից ստացված պտղաշաքարը, բացի շաքարայնությունից, ունի նաև առողջապահական և բուժիչ նշանակություն, որից հաբեր են պատրաստվում շաքարային դիաբետիկների համար և, որպես հավելում, կիրառվում նաև հյութերի մեջ: Այն օգտագործվում է նաև հացաթխման մեջ, որն օգնում է երկարացնելու հացի պահպանման ժամկետը, որակը: Ի դեպ, Չինաստանը հորդորել է բոլոր մանկական սնունդ արտադրող ընկերություններին` կերակրի, այդ թվում նաև` յոգուրտների և կաթի փոշիների մեջ որպես կենսահավելում կիրառել ինուլին, ինչի օգտագործումը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ: Այդ պահանջը, ի դեպ, օրենսդրորեն գործում է Եվրոպայում:
Լ.Ն
Tags: տնտեսական