Փաթիլ-փաթիլ մաղելով
Ձյուն էր գալիս դաշտերում.
Փաթիլները խաղալով
Իջնում էին ու պարում:
Այս բանաստեղծությունը Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղական թաղամասում 1912թ. ծնված Հովիկ Մուրադյանը գրել է 14 տարեկան հասակում: 1938թ. բանասեր Արամ Շահենը (Հայրյան) տարվա եղանակներին նվիրված իր կազմած ժողովածուում դրել է այս բանաստեղծությունը Ղազարոս Աղայանի բանաստեղծության կողքին:
Օրերս Ակների մենավոր բռնչենու հովանու հերքո, որտեղ բազալտե մահարձանի տակ ամփոփված է վաղամեռ տաղանդավոր լրագրող, բանաստեղծ Հովիկ Հարությունի Մուրադյանի շիրիմը, տեղի ունեցավ նրա՝ վերջերս հրատարակված «Բերքի երգը» գրքի շնորհանդեսը:
Երիտասարդ Հովիկ Մուրադյանի երազանքն է եղել՝ «Գոնե իրենից հետո տպագրված ունենալ մի գրքույկ»:
Եվ ահա, նրա մահից 80 տարի անց, պոետի բաղձանքը իրականություն են դարձրել թատերական արվեստին նվիրյալներ, համագյուղացիներ Ռուբեն Հակոբյանն ու Ռուսլան Սադաղյանը, դրանով իսկ իրենց հոգու պարտքը կատարել 1912 թվականին ծնված և 1934 թվականին կյանքին հրաժեշտ տված պոետին:
Եվ, ինչպես մանկագիր Սուրեն Մուրադյանն է գրքի առաջաբանում գրում, «Հովիկ Մուրադյանը շնորհալի բանաստեղծ էր: Տպագրվում էր շրջանային «Պղնձի ֆրոնտ»-ում, «Պիոներ կանչ»-ում, «Պիոներ ղեկ»-ում…»: Նրան մտերիմ են եղել մեծանուն գրողներ, լրագրողներ: Երբ մահացել է, գրչակից ընկերներ Սերոբ Սարգսյանը, Արմո Հարենցը, Հայրապետ Հայրապետյանը, Նեմրութը, Էդուարդ Իսաբեկյանը, Սուրեն Հարությունյանը, Վարդգես Բաբախանյանը և Սարգիս Դարբնին են Երևանից տեղափոխել դին Ակներ ու համագյուղացիների հետ հողին հանձնել գյուղի մենավոր բռնչենու տակ:
Եվ մահարձանին փորագրված 1912-1934թթ. հետ նաև գրվել են Հովիկի՝ մահվանից երկու օր առաջ ընկերներին ասված խոսքերը. «Դուրյանն եմ ես, նա էլ այս հասակում մեռավ»:
Նրա շիրիմին միշտ այցի են գնացել ահել ու ջահել, թարմ ծաղիկներ դրել մահարձանի պատվանդանին: Գրքի շնորհանդեսի օրն էլ ծաղկեփնջեր դրվեցին, կատարվեց մոմավառություն:
…Ժողովածուն կազմողների և տպագրության ծախսերը հոգացած «Մանես» բարեգործական հիմնադրամի պատասխանատուների հասցեին ջերմ խոսքեր ասաց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Սիրո և հարգանքի սրտաբուխ խոսքեր ասացին «Մանես» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետիք Թամազյանը և Ակների դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանը: Շուտով Ակների կրթօջախը կունենա Հովիկ Մուրադյանին նվիրված անկյուն, որտեղ նրա կյանքը և ստեղծագործական ժառանգությունը բնութագրող նյութերի կողքին տեղ կգտնի նաև նրա «Բերքի երգը» ժողովածուն: Գրքույկում ոչ միայն նրա բանաստեղծություններն են, այլև պատմվածքները, մի փունջ նրա թղթակցություններից, ինչպես նաև նրա նամակները, նրա մասին ասված խոսքերը և հարազատների մոտ որպես սրբացած մասունքներ պահվող նրա փաստաթղթերի կրկնօրինակները:
Լրագրող Արմենուհի Սադաղյանը արտասանեց պոետին նվիրված բանաստեղծությունը:
Հովիկ Մուրադյանի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Ասմունքի թատրոն»-ի սաներ Վիկտորյա Կոնինյանը, Մարգարիտ Մուրադյանը, Լուսինե Սադաղյանը, Ալլա Ծատինյանը, Լուսինե և Ալինա Շավինյանները:
Աշուղ Ջիվանու և ժողովրդական երգերի կատարմամբ հանդես եկավ ակներցի երգիչ-երաժիշտ Ջիվան Կոնինյանը:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
Tags: մշակույթ
